Բավ է պառակտվել
03-10-2020 09:24

Հայաստանի ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանինԱյսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հստակ արտահայտել է իր դիրքորոշումը: Այս հարցը մշտապես եղել է մեր երկկողմ օրակարգում:

Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է, դիվանագիտական խողովակներով մենք բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին և նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ:

Իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին, մեզ համար անընդունելի է այս գործելաոճը: Ելնելով վերոնշյալից, ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին»,- ասել է Նաղդալյանը: