Բավ է պառակտվել
03-12-2021 23:12

Հայաստանի ԱԳՆ-ն հորդորել է Արցախում ադրբեջանցիների կողմից հայերի սպանության պատշաճ հետաքննություն անցկացնել

Հայստանի ԱԳՆ մամլո խոսնակ Վահան Հունանյանը դատապարտել է ադրբեջանական զինծառայողների կողմից Արցախի խաղաղ բնակիչ՝ 65-ամյա Սեյրան Սմբատի Սարգսյանի սպանությունը։ Վերջինս գերեվարվել էր դեկտեմբերի 3-ին Ճարտար համայնքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, այնուհետ տարվել ադրբեջանական զինվորական կետ և սպանվել։

“Խստորեն դատապարտում և անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտմամբ իրականացված քաղաքացիական անձի սպանությունը”,- ասվում է ուրբաթ օրը հրապարակված Հունայանի հայտարարությունում։

Նա հատկանշական է համարել այն փաստը, որ Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներն ու ահաբեկման գործողությունները համակարգային բնույթ են ստանում, ինչը պաշտոնական Բաքվի՝ նախկինում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված նմանատիպ հանցագործություններն անհիմն պատճառաբանություններով արդարացնելու արդյունքն է, ինչը բերում է նմանատիպ վարքագծի կրկնության։

“Վերջին շրջանում Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հայատյացության և Արցախի հայաթափման ու էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն են, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության ու կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ ենթակայության ներքո”,- ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը։

Հունանյանի խոսքով՝ այս և քաղաքացիական բնակչության նկատմամբ նախկինում իրականացված հարձակումների պատշաճ հետաքննությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը կարող են նախադրյալներ ստեղծել՝ նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու համար։

Արցախի ԱԳՆ-ն այս միջադեպն անվանել է «ահաբեկչական և բարբարոսական արարք, Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում՝ բարձրագույն իշխանությունների ցուցումով»։