Բավ է պառակտվել
30-08-2022 12:05

Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է դիվանագետների մասնակցությամբ Շուշիում կայացած համաժողովը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում տեղի ունեցած վերջին համաժողովը։

«Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերում։ Միաժամանակ, բարձր ենք գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ՝ հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց»,- ասվում է հայտարարությունում։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը շաբաթ օրը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները ցուցադրաբար հրաժարվում են այցելել Շուշի, չնայած նրանց բազմիցս հրավիրել են: Սա պետք է դիտարկել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում»: