Բավ է պառակտվել
23-02-2022 22:45

ՌԴ-ի և Ադրբեջանի միջև Դաշնակցային հռչակագրի ստորագրումը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը․ ՀՀ ԱԳՆ

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումը կարող է հնարավորություն ընձեռնել առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը և նպաստել ղարաբաղյան հակամարտության։ Այս մասին ասել է ԱԳՆ մամլո քարտուղար Վահան Հունանյանը։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունը, որը հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է և որևէ կերպ պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով, եթե դրանք կողմերը չեն զարգացնում ի վնաս հայ-ռուսական դաշնակցության: Դրա մասին են վկայում նաև պատմությունն ու կնքված փաստաթղթերն», - ասել է նա:

Նշվել է, որ Երևանն ու Մոսկվան տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձր և բարձրագույն, հետևողականորեն քայլեր են ձեռնարկում հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ընդլայնելու ուղղությամբ՝ ի շահ անվտանգության երաշխավորված պայմաններում երկու երկրների զարգացման։

«Հուսով ենք, որ Մոսկվայում ս.թ. փետրվարի 22-ին ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը, ինչը կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը»,- կարծում են արտաքին հարաբերությունների գերատեսչությունում։