Բավ է պառակտվել
12-05-2019 12:33

Արցախում հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հիշեցրել է, որ 2019 թվականի մայիսի 12-ին լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատման 25-ամյակը։ “1994 թվականի մայիսի 5-ին Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարաննների ղեկավարների միջև կնքված Բիշքեկյան արձանագրությունը ճանապարհ է բացել մարտական գործողությունների դադարեցման և դրան հաջորդած 1994 և 1995 թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի կնքման համար”,- ասվել է հայտարարությունում:

“Հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ մեր խոր գնահատանքն ու երախտագիտությունն ենք վերահաստատում միջնորդների, հատկապես Ռուսաստանի Դաշնության ջանքերի համար, որը կարևորագույն դեր ունեցավ այս համաձայնագրերի կնքման գործում։ Հետագայում այդ համաձայնագրերը և դրանց նշանակությունը գնահատվեցին և հավանության արժանացան միջազգային հանրության կողմից, մասնավորապես 1994թ․ ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում”,- նշվել է հայտարարությունում։

ԱԳՆ-ում նշել են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցուցադրել է իր անսասան կարողությունը պաշտպանելու և հակազդելու Ադրբեջանի կողմից ավերիչ ագրեսիային ու 1990-ականներին էթնիկ զտումներին ու ոչնչացման սպառնալիքին, ստեղծելու ժողովրդավարական հասարակության ամուր հիմքեր և ազատորեն որոշելու իր քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը` ուղղված ինքնորոշման իրավունքի լիարժեքորեն իրացմանը:

“Հայաստանը եղել և մնում է Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը”,- շեշտվել է ուղերձում:

Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունում հայտարարել են, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և մասնավորապես 2016 թ. ապրիլին Արցախի դեմ ագրեսիայի լույսի ներքո 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը շարունակում են ուժի մեջ մնալ՝ ամուր հիմք հանդիսանալով ընդդեմ ուժի կիրառման և ռազմական գործողությունների վերսկսման, որը աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2016թ մայիսի 16-ի համատեղ հայտարարության մեջ վերահաստատել են իրենց աջակցությունը 1994-1995թթ. Հրադադարի մասին համաձայնագրերին և ընդգծել դրանք հարգելու կարևորությունը:

“Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի տառին և ոգուն: Ավելին, այս համաձայնագրերը շարունակում են ծառայել որպես հիմնասյուն՝ ուժի կիրառումը մերժելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգայնորեն ճանաչված միջնորդության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում իրական առաջխաղացում ապահովելու համար”,- ասվել է հայտարարությունում:

ԱԳՆ-ում նշվել է, որ հրադադարի ռեժիմը հարգելու մասին 2018 թ. սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները մատնանշում են քաղաքական կամքի կարևորությունը զինադադարը պահպանելու և էսկալացիայի ռիսկը նվազեցնելու գործում:

“Վերջին ժամանակաշրջանում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնց արդյունքում ծանր վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի երկու և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մեկ զինծառայող համապատասխանաբար շփման գծում և սահմանին: Այս ցավալի միջադեպերն ընդգծում են հրադադարի ռեժիմին և դրա ամրապնդմանը հավատարիմ մնալու կարևորությունը։ Հատուկ միջոցները, մասնավորապես 2016 թվականին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, պետք է կյանքի կոչվեն”,- նշվել է ուղերձում։

Արտգործնախարարության հայտարարությունում ընդգծվել է, որ հրադադարի ռեժիմի հաստատման 25-ամյակը վկայում է 1994-95թթ. համաձայնագրերի եռակողմ ձևաչափի իսկության և կենսունակության, ինչպես նաև հակամարտության տևական հանգուցալուծման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհրաժեշտության մասին։
“Այս տարեդարձը նաև խրախուսում է բոլոր կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Հայաստանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ տևական խաղաղությանը, ինչը բազմիցս վերահաստատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ թվում նաև 2019 թ․ մարտի 29-ին Վիեննայում կայացած վերջին գագաթաժողովում”,- եզրափակել է իր ուղերձը Հայաստանի ԱԳՆ-ն ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեց Ադրբեջանից անկախանալուն:

Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանի վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:

Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: