Ֆրանսիան չափազանց մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ Այս մասին rtvi-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն-Քլեր Լեժանդրը։
«Մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, որպեսզի բնակչությանը մարդասիրական պարենային օգնություն հասցվի։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ ճգնաժամի իրական վտանգ կա։ Բացի այդ, մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը ռւ ցանկանում, որ դա տեղի ունենա», - ասել է Լեժանդրը։
Նա հիշեցրել է եվրոպական միջնորդությունը, որին Ֆրանսիան անվերապահորեն աջակցում է։ Ֆրանսիայի նախագահի շնորհիվ երկու երկրների ներկայացուցիչները կարողացել են զրուցել միմյանց հետ անցած տարվա հոկտեմբերին կայացած գագաթաժողովի շրջանակներում, որի ժամանակ որոշում կայացվեց Հայաստանի սահման ուղարկել ԵՄ առաքելություն՝ լարվածությունը թուլացնելու և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու համար։
«Կարծում եմ, որ մեր աջակցությունն արտահայտվել է ամենաբարձր պետական մակարդակով։ Դուք գիտեք, որ հանրապետության նախագահն անձամբ գործադրեց բոլոր ջանքերը, որպեսզի կարողանանք վերսկսել բանակցությունները, որպեսզի այս իրավիճակը հանգուցալուծվի և լարվածությունը նվազի», - եզրափակել է Լեժանդրը։