Բավ է պառակտվել
24-05-2021 13:59

ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում նաև Ադրբեջանի համար

ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում նաև Ադրբեջանի համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Նրա խոսքով, միակ բանը, որ կարող է սահմանափակել երկրի ներառմանը ՀԱՊԿ, կազմակերպության կանոնադրության որոշ դրույթներն են, որոնց համաձայն ՀԱՊԿ–ին մասնակցելու համար հարկավոր է, որպեսզի դրա անդամներն ունենան դիվանագիտական հարաբերություններ։

«Նման հարաբերություններ դեռ չկան Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Երբ դրանք հաստատվեն, մենք հույս ունենք, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա, այդ ժամանակ այդ հարցն էլ կարող է հայտնվել գործնական հարթակում այս կամ այն տեսքով», – ասել է Ռուդենկոն Իզվեստիային տված հարցազրույցում։

Հավաքական անվտանգության պայմանագիրը (ՀԱՊ) ստորագրվել է 1992թ.–ի մայիսի 15–ին Տաշքենդում։ 2002թ.–ի մայիսի 14–ին Հավաքական անվտանգության խորհուրդը Մոսկվայում կայացած նստաշրջանի ժամանակ որոշում կայացրեց վերափոխել պայմանագրի մասնակից պետությունների համագործակցության մեխանիզմներն ու կառուցվածքները` դարձնելով այն միջազգային տարածաշրջանային կազմակերպություն` «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն», որին տրվեց համապատասխան կարգավիճակ։ ՀԱՊԿ–ի կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2003թ.–ի սեպտեմբերի 18–ին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ ներառված են Հայասանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունն ու Տաջիկստանի Հանրապետությունը, որը 2021թ.–ին նախագահում է կազմակերպությունում։