Բավ է պառակտվել
20-01-2022 10:15

Լաչինի միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, իսկ Ադրբեջանը երաշխավորում է երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ։

Ալիևը վերջերս տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության համատեքստում, ասել է, որ նրանց գործունեության մեջ բազմաթիվ նյարդայացնող պահեր կան՝ չնայած նրանց դրական գործառույթներին:։ Նա նաև հայտարարել է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, և իրենք «կարող ենք այնտեղ կանգնեցնել ցանկացած մեքենա, և ոչ մեկ ոչինչ չի կարող ասել»։

«Առավոտ»-ը մեկնաբանության համար դիմել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությանը։

ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել են, որ ռուս խաղաղապահ զորամիավորումը տեղակայված է շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում՝ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության:

«Համաձայն տվյալ Համաձայնագրի 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը: Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ և միջազգային կազմակերպությունների՝ խաղաղապահ գործողության իրականացման գոտի այցելությունների կարգը, որը լավ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Մասնավորապես, նախատեսված է խելամիտ ժամկետներում և պատշաճ կերպով ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցելությունների մասին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում։