Բավ է պառակտվել
24-06-2016 08:42

ՌԴ ԱԳՆ–ն կոչ է արել չմեկնաբանել Պուտինի, Սարգսյանի և Ալիևի հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել առաջնորդվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, այլ ոչ թե Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները մեկնաբանելու անբարեխիղճ փորձերով։

«Ինչպես հայտնի է, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները եռակողմ հայտարարություն են ընդունել, նրանք հաստատել են (և հայտարարության մեջ դա հստակ նշվում է), որ մայիսի 16-ին Վիեննայի հայ-ադրբեջանական վերջին գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ուղղված էին հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը», — ասել է դիվանագետը:

«Հայտարարություն կա, որը հասանելի է բոլոր պաշտոնական կայքերում, — շարունակել է Զախարովան։ — Ես կխնդրեի, և կարծում եմ` սա կոլեկտիվ խնդրանք է, առաջնորդվել հայտարարության բնօրինակով, այլ ոչ այն հայտարարություններով, բավական անբարեխիղճ, որոնք մենք լսել ենք, որոնցում փորձ է արվում մեկնաբանել հանդիպման արդյունքները»։

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախահագների հանդիպման արդյունքում հունիսի 20-ին ընդունված եռակողմ հայտարարության մեջ կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի բարելավմանը։
Հունիսի 22-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովն ասել է, որ «այսուհետ հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է շարժվել փուլային կարգավորման ուղղությամբ»։ Նրա խոսքով` սա նշանակում է «նախ` ազատագրել Ադրբեջանի հինգ շրջանները, այնուհետև` նաև երկուսը, տրամադրել միջանցք և որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։