Բավ է պառակտվել
13-10-2022 20:31

ՌԴ ԱԳՆ-ն «աղաղակող» է անվանել Մակրոնի մեղադրանքները ղարաբաղյան հակամարտության մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, տեղեկանում ենք գերատեսչության կայքից։

Մակրոնը մեղադրել էր Ռուսաստանին կովկասյան տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը միտումնավոր սրելու մեջ:

«Մակրոնի հայտարարությունը, թե Ռուսաստանն օգտագործում է ԼՂ հակամարտությունը՝ Հարավային Կովկասն ապակայունացնելու համար, աղաղակող և բացարձակապես անընդունելի ենք համարում: Նման հարձակումները համահունչ են Ռուսաստանին հրեշավոր ներկայացնելու Արևմուտքի հակառուսական գծին և խոսում են առճակատման տրամաբանությունը Ուկրաինայից հետխորհրդային այլ տարածքներ, այդ թվում՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձերի մասին»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահի անհեթեթ հերյուրանքները խոսում են այն մասին, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու առնչությամբ Փարիզը շահագրգռված չէ, և, թե այդ հայտարարությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում կառուցողական դեր խաղալու Ֆրանսիայի կարողությունը։

«Ի տարբերություն Ֆրանսիայի, որն անգամ Բաքվի և Երևանի միջև էսկալացիայի ժամանակաշրջանում սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, գործնականում է նպաստել հակամարտության կարգավորմանը։ Մեր երկիրը վճռորոշ ներդրում ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հարցում, ինչը վերջ դրեց արյունահեղությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս համաձայնագրի համաձայն՝ տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը։ Խաղաղապահներն արդյունավետորեն կանխում են միջադեպերը իրենց պատասխանատվության գոտում, օգնում են խաղաղ կյանք հաստատել, մարդասիրական օգնություն են տրամադրում, ենթակառուցվածքներ վերականգնում։

«Նրանց օգնությամբ 53 հազար փախստական վերադարձել է տուն, ավելի քան 2 հազար զոհերի դի է հանձնվել, ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 գերի, վնասազերծվել է ավելի քան 25 հազար պայթուցիկ առարկա»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հենց Ռուսաստանն է սկսել աշխատանքը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ։ Ռուսաստանի մասնակցությամբ շարունակվում են ակտիվ ջանքերը՝ խթանելու խաղաղության օրակարգը՝ հիմնված երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների վրա: Մասնավորապես քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի ստորագրման, հասարակությունների և փորձագետների միջև երկխոսության հաստատման ուղղությամբ:

«Փարիզի փորձերը ՝ սեպ խրելու մեզ բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, որոնց հետ ՌԴ-ն երկարամյա և բազմակողմանի կապեր ունի, դատապարտված են ձախողման և միայն կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանն»,- ասվում է հաղորդագրությունում։