Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսության հարցում, «ցանկացած ձևով» միջնորդական աջակցություն ցուցաբերել, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Մոսկվան «պատրաստ է ցանկացած ձևով միջնորդական աջակցություն ցուցաբերել: Միաժամանակ, կարևոր ենք համարում նախապայմանների առաջադրումից հրաժարվելը, փոխադարձ ընդունելի թեմաների և փոխադարձ քայլերի վրա կենտրոնանալը, որոնք կնպաստեն վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորմանն»,- ասել է Ռուդենկոն:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար։ Ավելի ուշ Չավուշօղլուն հայտարարեց ԱՄՆ-ում երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին։ Օրեր անց Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Թուրքիայի հետ երկխոսության գծով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը (Փաշինյանի մերձավորը)։ Դեկտեմբերի 27-ին Չավուշօղլուն ասաց, որ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս չկա։