Բավ է պառակտվել
21-05-2015 07:40

Հովիկ Աբրահամյանը՝ Ծառուկյանի մասին

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հիշեցրեց փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստը և հարցրեց, թե ի՞նչ է արվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետին տված այն հանձնարարության կապակցությամբ, ըստ որի՝ պետք է ստուգվեր ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին վերաբերող լուրերի իսկությունը՝ հարկերը թաքցնելու մասով: Ն. Փաշինյանը Հովիկ Աբրահամյանին հարց ուղղելով՝ նաև հիշեցրեց, որ նա բառացիորեն ասել էր, թե «նրանք, ովքեր մեկ անգամ ասելուց չեն ընկալում, մի քանի անգամ կասենք, մի հատ էլ բամփենք». «Ի վերջո կասե՞ք՝ բամփեցիք, թե չբամփեցիք, ստուգումներն ի՞նչ եղավ»: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Պարոն Սերժ Սարգսյանի հորդորից հետո եղել է վարչապետի հանձնարարական Ֆինանսների նախարությանն ու ներկայացվել է մի շարք ձեռնարկությունների ցանկ, որպեսզի իրականացվեն ստուգումներ»: Նրա խոսքերով՝ մեկ շաբաթ առաջ Ֆինանսների նախարարը խոստացել է, որ մինչև մայիսի վերջ կամ հունիս հինգը վերջնական արդյունքը կներկայացնի այդ ստուգումների վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում նախագահի հետ երկխոսությանը, Հ.Աբրահամյանն ասաց, որ դա վերաբերել է այն մարդկանց, ովքեր զբաղվում են բիզնեսով ու հարկերը չեն վճարում: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այստեղ խոսքը կոնկրետ անձի մասին է եղել: «Մենք որևէ մեկին ահաբեկելու ցանկություն չենք ունեցել, Գագիկ Ծառուկյանի հետ կապված հարցերն ու հանձնարարականները առընթեր կառույցներին մենք ամփոփ կներկայացնենք: Վարչապետը չի ասելու, բայց պատկան մարմինները կներկայացնեն՝ ստուգումների արդյունքում ինչ է արձանագրվել: Մենք պետք է լինենք թափանցիկ, անկեղծ, իրոք հանրությունը սպասում է այդ ստուգումների արդյունքներին: Ձեր հարցադրումը տեղին է, մենք թաքցնելու ոչինչ չունենք, դրա մասին բարձրաձայն կխոսեն բոլոր պատկան մարմինները, ովքեր այդ ստուգումները իրականացրել են»,- ասաց Հ. Աբրահամյանը: