Բավ է պառակտվել
17-09-2016 07:46

Սեյրան Օհանյան. միանշանակ մերժելու եմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր խոսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկի մասին։

Օրերս տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, հայտարարել է, որ մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը:

Պատասխանելով այն հարցին, թե համապատասխանո՞ւմ են իրականությանը այն տեղեկությունները, որ կառավարության փոփոխությունն ազդելու է նաև իր վրա, և հոկտեմբերից նա ազատվելու է պաշտպանության նախարարի պաշտոնից և նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում` Սեյրան Օհանյանն ասել է, որ կառավարության փոփոխությունները կարող են բոլորի վրա ազդել։

«Գիտենք՝ ինչ ընթացակարգեր գոյություն ունեն կառավարությունը ձևավորելու, և որ քաղաքական ու այլ կառավարչական ուժերն են ձևավորում կառավարությունը։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ նշանակմանը, այդպիսի առաջարկություններ չի եղել, այսօր ես պաշտպանության նախարարի պաշտոնակատար եմ և չեմ պատրաստվում որևէ միջազգային կառույցում աշխատելու», – հայտարարել է Օհանյանն ու ավելացրել, որ միանշանակ մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը` չնշելով պատճառը։

Այն դիտարկմանը՝ շարունակելո՞ւ է լինել 2017-2018-ին կառավարությունում Սեյրան Օհանյանը նշել է, «Հարցրեք նրան, ով ձևավորում է»։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է հանրապետության պետական կառավարման ոլորտում սպասվող լայնամասշտաբ փոփոխությունների մասին:

Ավելի վաղ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ-ի նիստի ժամանակ: Նրա խոսքով, հավակնորդը Հայաստանի ներկայացուցիչ է: