Բավ է պառակտվել
29-10-2019 18:59

ՌԴ Պաշտպանության նախարարը Հայաստանում ռուսական ռազմակայանն անվանել է Կովկասում կայունության երաշխավոր

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը Կովկասում կայունության երաշխավորն է և ունակ է հանրապետության բանակի հետ միասին դիմակայել տարածաշրջանում առկա ցանկացած սպառնալիքի, հայտարարել է երեքշաբթի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հայաստանյան գործընկեր Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների ժամանակ։

“Հայաստանի տարածքում է տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը, որը Կովկասում կայունության երաշխավորն է։ Այսօր ստուգայց եմ կատարել; Բազան մարտունակ է և պատրաստ է Հայաստանի զինված ուժերի հետ միասին դիմակայել տարածաշրջանում առկա սպառնալիքներին”,- ասել է Շոյգուն։ ՌԴ ՊՆ ղեկավարի գնահատականով “Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և Անդրկովկասում գլխավոր գործընկերը”։ “Ստեղծվել և գործում են Ռուսաստանի և Հայասատանի Միավորված ուժերի խմբավորումը և Միավորված տարածաշրջանային ՀՕՊ համակարգը։ Կազմակերպվել է մեր գլխավոր շտաբերի սերտ համագործակցությունը, իրականացվում է համատեղ պլանավորում”,- հավելել է նա։

Շնորհակալություն հայտնելով գործընկերոջը հայկական հողում ջերմ ընդունելության համար, Շոյգուն նշել է, որ տարեսկզբից սա հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարի հետ իր երրորդ հանդիպումն է։ “Սա երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության դինամիկայի անվիճելի ցուցանիշն է”,- ասել է նախարարը։

Ռուսական ռազմակայանը տեղակայված է Հայաստանում համաձայն 1995 թվականի միջպետական համաձայնագրի: 2010-ին փաստաթղթում արվել են փոփոխություններ, որոնց համաձայն դրա գտնվելու ժամկետը նախնական 25 տարուց երկարաձգվել է մինչև 49 տարի՝ մինչև 2044 թվականը:

Երկու երկրների ռազմական համագործակցությունը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարը նաև նշել է Մոսկվայի և Երևանի միջև փոխգործակցության աճող տեմպերը և առաջարկել է հաստատել հաջորդ տարվա երկկողմ ռազմական համագործակցության պլանը, ներառյալ ավելի քան 60 համատեղ միջոցառումներ:

“Մենք նախատեսում ենք նույնքան ինտենսիվ շարունակել մեր համագործակցությունն, առանց դանդաղեցնելու տեմպերը: Այդ նպատակով պատրաստվել է 2020 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլան, որը ներառում է ավելի քան 60 համատեղ գործողություն: Ես առաջարկում եմ այսօր հաստատել այն”, - ասել է Շոյգուն:

Նախարարը նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը հաջողությամբ համագործակցում են “ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում”:

“Այս տարի մեր ռազմական զորախմբերը համատեղ լուծում էին մարտական պատրաստության խնդիրները ՀԱՊԿ-ի “Մարտական եղբայրություն-2019” օպերատիվ-ռազմավարական զորավարժության ընթացքում, որն անց էր կացվում Ռուսաստանում, Բելառուսում և Տաջիկստանում”, - ասել է նախարարը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստել բարձր որակավորում ունեցող զինվորական կադրեր Հայաստանի համար: “Ներկայումս Ռուսաստանի պաշտպանության նախարարության 25 համալսարանում սովորում է 248 հայ զինծառայող”, - ասել է Շոյգուն: