Բավ է պառակտվել
16-09-2019 12:59

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են հանդիպել

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը միշտ և հետևողական արտահայտել է իր մտահոգությունը ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված: Այս մասին ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մենք միշտ ու հետևողականորեն անդրադառնում ենք այդ հարցին: Մեր դիրքորոշումն այն է, որ դա բացասական ազդեցություն ունի ինչպես կազմակերպության, այնպես էլ համագործակցության մթնոլորտի վրա», - ասաց Նաղդալյանը՝ նշելով, որ այդ մտահոգությունը ընկալվել է:
Նաղդալյանը տեղեկացրեց նաև,որ սեպտեմբերի վերջին տեղի կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ գագաթաժողովը, որին կմասնակցի նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Օրակարգը բավական հագեցած է լինելու։ Նախատեսված են ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հանդիպումներ՝ասում է արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ գագաթաժողովին հանդիպում տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ, Նաղդալյանը պատասխանեց. «Համանախագահների կողմից եղել է հանդիպում կազմակերպելու առաջարկ։ Կողմերը համաձայնել են։ Իսկ թե որտեղ եւ ինչ ժամկետներում կլինի հանդիպումը, կհայտարարվի համաձայնեցված կարգով»։
ԱԳՆ մամուլի խոսնակը արձագանքեց նաեւ Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոս Արա Բաղդասարյանի պարտականությունները դադարեցնելու շուրջ մամուլի հրապարակումներին: Ասաց, որ այդ որոշումը կայացվել է պարտականությունների ոչ արդյունավետ իրականացնելու կապակցությամբ։ Տեղեկացրեց նաեւ, որ Անդորրայի հետ հարաբերությունները համակարգում է Ֆրանսիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինը։