Բավ է պառակտվել
01-11-2019 20:31

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա շուտով․ Զոհրաբ Մնացականյան

Որևէ փակուղի չկա, մենք շարունակում ենք աշխատել, հանգիստ ու սառնասիրտ աշխատել, քանի որ սա վերաբերում է մեր, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանը, խաղաղության հաստատելուն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ղարաբաղյան հակամարտությունը փակուղի է մտել:

«Զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ: Մենք թիրախային ու նպատակադրված աշխատում ենք բանակցային գործընթացում: Հայկական կողմը երբևէ չի ձգձգել գործընթացը, ավելին՝ նպաստել է դրա բարեհաջող ընթացքին»,- ասաց նա:
Զոհրաբ Մնացականյանը ասաց,որ բանակցություններում փորձում են ի հայտ բերել այն պարամետրերը, որոնք առավել բավարարում են մեր մտահոգություններն ու գերակայությունները: Հույս հայտնեց, որ կամք կդրսևորվի նաև մյուս կողմից:

ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա շուտով: Ինչպես նաև նշեց, որ երկրների ղեկավարների մակարդակով ներկայիս պահի դրությամբ հանդիպում թեև չի ծրագրվում, բայց դրա հնարավորությունը չի բացառվում: 
Անդրադառնալով բանակցային գործընթացի ներկա փուլին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ինքը մշտապես աշխատում է ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

«Այս ամենը ղեկավարվում է մեր ղեկավարների կողմից։ Նրանք ֆորմալ առումով հանդիպել են մարտին, անցած ամիս շփվել են Աշխաբադում։ Սա գործընթաց է, որտեղ երկրներն են աշխատում, և երկրների ղեկավարների մակարդակով է ուղղորդվում բանակցային գործընթացը։ Այնպես որ, պարզունակորեն ասել, որ ղեկավարները չեն հանդիպում, և բանակցային գործընթաց չկա՝ թյուրըմբռնում է», - ասաց ԱԳ նախարարը։

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ բանակցություններում դինամիկա կա, և եթե ընդհանուր կառուցողական մոտեցում դրսևորվի, հնարավոր կդառնա շատ արագ առաջ շարժվել։

«Կան լավ գաղափարներ, որոնք, հուսով եմ, հնարավոր կլինի կյանքի կոչել», - ասաց արտաքին գերատեսչության ղեկավարը։

 

Արմինե Գևորգյան