Բավ է պառակտվել
20-05-2021 12:19

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակն Արցախում ու տարածաշրջանում

Ռուսաստանի ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնել է հինգշաբթի ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը։

«Մայիսի 19-ի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապների տեղակայման շրջաններում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- հայտնում է նախարարությունը։

Հայաստանն, իր կողմից, հայտնել է, որ «Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։ Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր»,- ասվում է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում։

Մայիսի 12-ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Ըստ գերատեսչության՝ հայկական զինված ուժերի ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական կողմը դադարեցրել է այդ աշխատանքները։ Նույն օրը երեկոյան Հայաստանի վարչապետի ժ․պ Նիկոլ Փաշինյանը հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ կատարվածը որակեց որպես ոտնձգություն երկրի տարածքի նկատմամբ։ Նրա խոսքով՝ ադրբեջանական զինծառայողները հատել են Հայաստանի սահմանը և առաջացել 3,5 կմ։

Մայիսի 17-ին հաղորդվեց, որ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, իրավիճակը տարածաշրջանում և խաղաղապահների գործողությունները Լեռնային Ղարաբաղում։