Բավ է պառակտվել
23-03-2021 20:05

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են անվտանգության միջոցառումները Սյունիքում

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։

Դաշնակից երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, հայ-ռուսական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը։ Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը։

Ի՞նչ է կատարվում Սյունիքում

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը ստորագրելուց հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան ԼՂՀ և հարակից յոթ շրջանների ավելի քան 190 բնակավայր: Արդյունքում, Հայաստանի հարավում Սյունիքի մարզի սահմանները (ներառյալ Կապանի վարչական կենտրոնը) հայտնվեցին Ադրբեջանի նոր սահմանների (Ադրբեջանի ԽՍՀ ժամանակների) անմիջական հարևանությամբ։

Դրանից հետո Սյունիքում անցան բողոքի ակցիաներ. բնակչությունը վրդովված էր ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներում հայկական դիրքերի ապամոնտաժմամբ և Ադրբեջանի հետ սահմանակից դիրքերում դեմարկացիոն աշխատանքներով։ Արդյունքում՝ հակառակորդը մոտեցավ Կապան քաղաքին՝ ընդամենը հարյուր մետր հեռավորության վրա: Բացի այդ, Կապանից չորս գյուղ տանող ճանապարհի մի հատվածը՝ դեպի Խդրանց, Ագարակ, Եղվարդ և Ուժանիս գյուղեր հայտնվեց թշնամու տարածքում: