Բավ է պառակտվել
05-02-2019 15:11

Իսրայելիը թույլ է տվել ընկերությանը Ղարաբաղում օգտագործվող անօդաչուներ վաճառել Բաքվին

Իսրայելի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի թույլ է տվել Aeronautics Defense Systems (ADS) ընկերությանը վերսկսել հայկական կողմի դեմ կիրառված “մահապարտ” անօդաչու թռչող սարքերի վաճառքը Ադրբեջանին։ Այս մասին տեղեկացրել է The Times of Israel-ը։

Հունվարի 27-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել էր Aeronautics Ltd երեք բարձրաստիճան պաշտոնյաների արտահանման արտոնագրերը, ովքեր կասկածվում էին Ադրբեջանի խնդրանքով հայկական բանակի դեմ “մահապարտ” անօդաչու թռչող սարքերի անօրինական փորձարկումների մեջ։

2017 թվականին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ադրբեջանն Իսրայելից գնել է անօդաչու սարքեր։ Տեղեկացվել էր, որ ադրբեջանական զինվորականների խնդրանքով ընկերության աշխատակիցները մասնակցել են Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դիրքերին հարվածներ հասցնելուն։ Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության նախարարությունն արգելել է իսրայելական Aeronautics Defense Systems (ADS) ընկերության անօդաչու սարքերի վաճառքը, ինչի արդյունքում խափանվել է 20 մլն դոլարի պայմանագիրը։

2018 թվականի ամռանը Իսրայելի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ամոս Մատանին, գլխավոր տնօրենի տեղակալ Մեհիր Ռիզմովիչին, զարգացման գծով տնօրեն Խաիմ Խիվաշարին և մարքեթինգի գծով տնօրեն Դեվիդ Գոլդինին։

“Իսրայելի պաշտպանության նախարարության որոշումը կայացվել է երեք շաբաթ անց այն բանից հետո, երբ Rafael պաշտպանության ոլորտի կապալառուն համաձայնել է ձեռք բերել ADS ընկերությունը 850 մլն. շեկելով ($231,7 մլն.)”,- տեղեկացրել է պարբերականը։

ԶԼՄ - ները հայտնել են, որ 2017 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը 1,6 մլրդ դոլարի զենքի մատակարարման պայմանագիր են կնքել։ Բացի անօդաչու սարքերից Իսրայելն Ադրբեջանին մատակարարում է նաև ռադարներ, հակատանկային հրթիռներ, նռնականետեր, գիշերային տեսողության սարքեր։