Բավ է պառակտվել
14-08-2020 20:14

«Խաղաղություն չի կարող լինել միայն ՀՀ կողմից միակողմանի գործողություններով». Փաշինյանի հարցազրույցը BBC-ին

 

Խաղաղության հնարավոր չէ հասնել Հայաստանի միակողմանի գործողությունների միջոցով, իրական խաղաղություն հնարավոր է, եթե Ադրբեջանը փոխադարձաբար արձագանքի Հայաստանի ջանքերին, BBC HARDTalk-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վարչապետ դառնալուց հետո ես խաղաղության նոր բանաձև առաջարկեցի. Ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջին հայ առաջնորդն եմ, որ երբևէ ասել է, որ լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի համար: Դժբախտաբար, Ադրբեջանի նախագահը չպատասխանեց իմ առաջարկությունը», — ասել է վարչապետ Փաշինյանը:

Նա շեշտել է, որ հուլիսին հենց Ադրբեջանն է սկսել հարձակումները Հայաստանի դեմ:

«Երկար ժամանակ Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հռետորաբանությամբ էր հանդես գալիս, ասում, որ կլուծի ղարաբաղյան հակամարտությունը՝ օգտագործելով ռազմական ուժ: Այդ ռազմատենչ հռետորաբանության արդյունքում` Ադրբեջանի կառավարությունն այսօր կանգնած է  մարտահրավերի առաջ՝ բացատրելու սեփական հասարակությանը, թե ինչու չի կարողանում հակամարտությունը լուծել ուժի միջոցով»,- նշել է Փաշինյանը:

Արձագանքելով հաղորդավար Ստեֆան Սակուրի այն դիտարկմանը, որ «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունը սադրանք էր Ադրբեջանի նկատմամբ, վարչապետը շեշտել է. «Հազարամյակներ շարունակ Արցախը բնակեցված է եղել բնիկ հայերով»:

«Իրականությունն այն է, որ այն ժամանակ, երբ սկսվեց հակամարտությունը, Արցախի բնակչության 80-90% -ը հայ էր, և Ադրբեջանը փորձեց տարածքը մաքրել հայերից: Եվ հակամարտությունը սկսվեց հենց այս պահից»,- ասել է նա:

Վարչապետն հավելել է, որ «հայկական դիրքորոշումը ազգայնական չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը գոյատևման վտանգի տակ են»:

«Այն, ինչ մենք առաջարկում ենք Ադրբեջանին, ուժի կիրառման հնարավորությունից հրաժարվելն է: Մենք պետք է պայմանավորվենք մի շատ պարզ բանաձևի շուրջ. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ընդգծել է Փաշինյանը:

Հարցին, թե որ ճանապարհով է նա տանելու երկիրը ՝ հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է բարդ տարածաշրջանում, վարչապետը պատասխանել է. «Ռուսաստանը անվտանգության առումով մեր ռազմավարական գործընկերն է: Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, ԵՄ-ի հետ ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, և վերջինս մեր հիմնական գործընկերն է մեր բարեփոխումների օրակարգի իրականացման գործում»:

Միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, մենք լավ համագործակցություն ունենք ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում ենք խաղաղապահ առաքելություններին Աֆղանստանում, Լիբանանում և Կոսովոյում:

«Մենք նաև լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ և ամեն ինչ անում ենք, որպեսզի պահպանենք մեր լավ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Մենք լիովին հավատարիմ ենք մեր միջազգային պարտավորություններին», — ասել է վարչապետ Փաշինյանը:

Պատասխանելով նախկին իշխանությունների ղեկավարների, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման մասին հարցին՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է ,որ  ինքը  չի  որոշում, թե ում և երբ ձերբակալեն և ազատեն։

Նա ընդգծել է, որ դրանով զբաղվում են դատավորները,  քննիչներն ու դատախազները։

Վարչապետը չի համաձայնել հաղորդավարի այն դիտարկմանը, թե Հայաստանում հեղափոխությունից շատերի սպասումները չեն արդարացել։

«ՀՀ բոլոր քաղաքացիները տեսնում են, որ ապրում են ժողովրդավարական երկրում։ 2019թ–ին մենք ունեցել ենք Եվրոպայում տնտեսական աճի  ամենաբարձր ցուցանիշը։ Մենք մեծ տնտեսական հաջողություններ ենք գրանցել, մեր երկիրը մեծ առաջընթաց է գրանցել  միջազգային վարկանիշներում` ժողովրդավարության, խոսքի ազատության, արդարադատության անկախության, հակակոռուպցիոն ասպարեզում» - նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միջազգային պարբերականներում  Հայաստանը  2 տարի շարունակ «տարվա երկիր» էր հայտարարվում` ինչպես ժողովրդավարության, այնպես էլ տնտեսության բնագավառներում։

ՀՀ վարչապետը չի հերքել, որ կորոնավիրուսի համաշխարհային համավարակը խոչընդոտել է Հայաստանի առաջընթացը, բայց վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են երկրի տնտեսական զարգացմանը նպաստող  քայլեր ձեռնարկել:

 

 

Արմինե Գեւորգյան