Բավ է պառակտվել
11-01-2022 13:20

Շոյգու․ ՀԱՊԿ խաղաղապահները կմնան Ղազախսանում մինչև իրավիճակի լրիվ կայունացումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական խաղաղապահ ուժերը կավարտեն իրենց առաքելությունը Ղազախստանում իրավիճակի ամբողջական կայունացումից հետո, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Երեքշաբթի ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությունը Ղազախստանում ավարտվել է, խաղաղապահների դուրսբերումը երկրից կսկսվի երկու օրից և կտևի ոչ ավելի, քան 10 օր։

«Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից առաջադրանքների կատարումը կիրականացվի մինչև Ղազախստանի Հանրապետությունում իրավիօակի լրիվ կայունացումը, բնականաբար, Ղազախստանի Հանրապետության ղեկավարության որոշմամբ», - ասել է Շոյգուն երեքշաբթի սելեկտորային խորհրդակցության ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նախարարի խոսքով՝ «ներկայումս ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանի տարածքում կարևոր ռազմական, պետական ​​և սոցիալական նշանակության օբյեկտների պաշտպանության խնդիրներ են իրականացնում»։

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 9-ի որոշման համաձայն՝ կազմակերպության ՀԽ ուժերն ավարտել են իրենց տեղակայումը Ղազախստանի տարածքում։

«Կարճ ժամանակում՝ ընդամենը երեք օրում, ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները տեղափոխեցին անձնակազմ և տեխնիկա։ Դա հնարավոր դարձավ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գործողությունների բարձր համակարգման և արդյունավետության շնորհիվ, որոնք ձեռք են բերվել համատեղ վարժանքների արդյունքում,, ինչպես նաև Սիրիայում ռուսական զորքերի և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի տեղակայման ընթացքում ձեռք բերված փորձի ժամանակ»,- ասել է նախարարը։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար» օգնության խնդրանքով։ Արդեն հունվարի 6-ի գիշերը հայտնի դարձավ Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու ՀԱՊԿ խորհրդի որոշման մասին։ Զորածմբի կազմում են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Ռուսաստանի Դաշնությունից ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկվել են օդադեսանտային զորքերի ստորաբաժանումներն ու զորամասերը: