Բավ է պառակտվել
28-02-2023 10:01

Միրզոյանը և ՄԱԿ-ի հանձնակատարը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման, բարդ իրավիճակի կարգավորմանն առնչվող հարցեր

Փետրվարի 27-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամլո խառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև հաստատված համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Արարատ Միրզոյանը և Ֆիլիպո Գրանդին անդրադարձել են 2020թ. 44-օրյա պատերազմի և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով դրանց հասցեագրման հրատապությունը: Այս համատեքստում քննարկվել են նշյալ իրադարձությունների ընթացքում տեղահանված անձանց աջակցության հարցեր:

Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար բարդ իրավիճակը հանգուցալուծելու անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների, այդ թվում՝ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի անխոչընդոտ հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ: