Բավ է պառակտվել
31-08-2021 22:08

Նախարար Միրզոյանը և Զասը քննարկել են Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ԶՈւ ներթափանցման հետևանքները (տեսանյութ)

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ ԱԳՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը: Երկուստեք շեշտվել է իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման ու դեէսկալացիայի անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մանրամասն քննարկել են տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեղի ունեցող փոփոխությունների դինամիկան, որոնք անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ անդամ-երկրների կենսական շահերի վրա։
Միրզոյանը ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունն ակտիվ ջանքեր է գործադրելու` ուղղված կազմակերպության ներուժի զարգացմանն ու ամրապնդմանը: Ստանիսլավ Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնայնությունների առաջմղման համար: