Բավ է պառակտվել
12-05-2022 20:41

Միրզոյանը, Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագիրը (տեսանյութ)

Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, հայտնում է Հայաստանի արտաքի քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը։

Քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։

Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ թվում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվածություն ձեռք բերեցին ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Փաշինյանն ու Ալիևը նաև հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

https://www.youtube.com/channel/UCy5qc_GKWj3BrP31XhlSx9w