Բավ է պառակտվել
24-12-2022 21:34

Դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների պայմաններում․ Միրզոյանը՝ Լավրովին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանել է դեկտեմբերի 23-ի հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հայտարարությունները։

Զարմանք Լավրովի զարմանքի առնչությամբ

Հայաստանի արտգործնախարարը զարմանք է հայտնել ՌԴ ԱԳ նախարարի զարմանքի առնչությամբ, թե դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանն իր չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից։

Միրզոյանը նշել է, որ հայկական կողմի խնդրանքը փոխանցվել է թե՛ Ռուսաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը։

Նոր միջադեպերի վտանգ

Նա նաև մեկնաբանել է Լավրովի հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև միջադեպերը կշարունակվեն, եթե կողմերից մեկը հրաժարվի կապ հաստատելուց։

«Հայկական կողմը հստակ մատնանշել է հանդիպման հետաձգման պատճառը և անհրաժեշտությունը։ Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում: Ինչ վերաբերում է այդ դրսևորումների հետագա շարունակականության մասին համոզմունքին, կարծում եմ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմը կոչված են հենց նման համոզմունքները բացառելուն»,- ասել է Միրզոյանը։

Միրզոյանը հերքել է Բայրամովին

Նա պատասխանել է նաև Բայրամովի այն հայտարարությունը, թե իբր 2020-ի նոյեմբերին Հայաստանը խոստացել է 8 գյուղ «ազատել» սակայն չի կատարել այդ պայմանավորվածությունը։

«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, հայկական կողմը ոչ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ոչ էլ որևէ այլ կերպ նման պարտավորություն չի ստանձնել։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ, գոյություն չունեն։ Կարծում ենք, Ադրբեջանի ԱԳ նախարարը նման մտացածին պայմանավորվածությունների մասին խոսելով` փորձ է կատարում արդարացնել իր երկրի կողմից նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու կոպիտ խախտումները:»,- ասել է Միրզոյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը քանիցս հանդես է եկել զորքերի հետքաշման՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև գոյություն ունեցած վարչական սահմանով տեղակայելու առաջարկով։