Բավ է պառակտվել
09-02-2022 18:04

Միրզոյանն արձագանքել է «Լուկաշենկոյի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությանը»

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հույս ունի, որ այսուհետ Բելառուսում ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները կհամապատասխանեն հայ-բելառուսական բարեկամության ոգուն։

Նախօրեին Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և Կենտրոնական Ասիայի այլ երկրներ, կարող են միանալ Ռուսաստան- Բելառուս միութենական պետությանը։ Մասնավորապես, խոսելով Հայաստանի մասին, Լուկաշենկոն ասել էր. «Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը (Հայաստանի վարչապետ՝ խմբ.) դա տեսավ»։ Այս հայտարարությունը հարուցել է հայ հասարակության, այդ թվում մի շարք պատգամավորների վրդովված արձագանքը։

Չորեքշաբթի օրը խորհրդարանում կառավարության ժամին Միրզոյանը հիշեցրեց, որ նախօրեին հրապարակվել է Լուկաշենկոյի այս հայտարարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի հայտարարությունը, իսկ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ։

«Ուզում եմ կրկնել, որ Ալեքսանդր Գրիգորիևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները առաջին անգամը չէ, ար արժանանում են միջազգային գործընկերների ուշադրությանը և քննարկման առարկա դառնում մեր երկրում»,- ասաց Միրզոյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ այս ձևակերպումները նպատակ ունեն սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի ներքաղաքական օրակարգի հետ։

«Ուզում եմ հաստատել այն տեղեկությունը, որ մեր երկրում Բելառուսի դեսպանն իրոք հրավիրվել է ԱԳՆ, և նրան փոխանցվել է մեր համոզմունքը, որ միմյանց մասին փոխադարձ հայտարարություններում պետք է հաշվի առնել փոխադարձ հարգանքը և փոխադարձ շահերը, մեր երկրների միջև գույություն ունեցող պայմանագրային-իրավական դաշտը։ Եվ այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք այսուհետ, համապատասխան դիմումի դեպքում, հնարավորինս աջակցել Բելառուսին տարբեր միջազգային հարթակներում», - ընդգծեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը։

Նախարարը նշեց, որ Հայաստանի և Բելառուսի ժողովուրդների հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամական հիմքի վրա։ «Կարծում եմ՝ լավ կլինի, որ այսուհետ ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները համապատասխանեն իրավական դաշտին, փոխադարձ բարեկամության ոգուն ու մթնոլորտին»,- ամփոփեց նա։

Նախօրեին տարածած հաղորդագրության մեջ Հայաստանի ԱԳՆ-ն նշել է, որ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»։