Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների քննարկման առանցքում եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթուղթը, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը։ Այս մասին իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ես վերահաստատել եմ, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում առանցքային է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման, ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերն»,– ասաց Միրզոյանը։
Արցախին վերաբերող կարևոր սկզբունքներ
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից
«Մենք շահագրգռված ենք միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությամբ։ Հիշեցնեմ, որ երկու երկրների ղեկավարներն իրենց հայտարարությամբ հաստատել են Մինսկի խմբի ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համաձայն։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դերակատարություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կասեցնելու գործում. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ որպես սադրանքները կանխելու և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործոն, կոչված է պայմաններ ստեղծելու մեր տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման, կայունության և անվտանգության ապահովման համար։
«Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն՝ մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերն` ուղղված 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական և հրատապ է հայ ռազմագերիների վերադարձի հարցն»,– ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այդ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք։ Միևնույն ժամանակ, ռազմական գործողությունների ավարտից գրեթե մեկուկես-երկու տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է Հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին և մյուս պահվող անձանց։
«Հույս ունենք, որ ռուսական կողմը էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ»,– ասաց Միրզոյանը։
Ադրբեջանի հայատյացություն և կոմունիկացիաների հարց
Նա մատնանշեց Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված Արցախի մշակութային և կրոնական բազմաթիվ հուշարձանների պահպանման խնդրի արդիականությունը։ Ադրբեջանական կողմից շարունակվող վանդալիզմի ու պղծման գործողությունների ֆոնին այս հարցը պահանջում է միջազգային անհապաղ ներգրավվածություն։
«Չենք կարող չնշել նաև Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայատյաց և ծավալապաշտական հռետորաբանությունը, շարունակական սադրանքները և հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները»,– ասաց Միրզոյանը։
Նա հայտնեց, որ քննարկվել են տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակաման, սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերը: «Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի համատեքստում ընդգծել ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել, այդ թվում՝ դիվերսիֆիկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկ կապը»,– ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ կողմերը գոհունակություն են հայտնել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպման կապակցությամբ և հույս հայտնել վերջինիս արդյունավետ գործունեության առնչությամբ։
«Այս ձևաչափի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում։ Ակնկալում ենք, որ ռուսական կողմն իր խորհրդատվական աջակցությունը կցուցաբերի այս գործընթացին՝ համաձայն պայմանավորվածության»,– ասաց Միրզոյանը։
Հայ-ռուսական երկխոսություն
Նա հիշեցրեց նաև, որ սա արդեն երրորդ հանդիպումն է Լավրովի հետ։ «Մենք կառուցողական քննարկում ունեցանք ինչպես երկկողմ և բազմակողմ համագործակցության, անվտանգության խնդիրների վերաբերյալ։ Վստահ եմ՝ մենք կշարունակենք զարգացնել մեր հարաբերությունները»,– ասաց Միրզոյանը։
Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ կողմերն արձանագրել են տարբեր մակարդակներում և տարբեր ոլորտներում երկխոսության և համագործակցության ակտիվացումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համագործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում։