Բավ է պառակտվել
20-04-2022 21:49

Նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի կայունության ու խաղաղության ամրապնդմանը Հարավային Կովկասում․ Միշուստինը՝ Փաշինյանին

Նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի տարածաշրջանի հետագա զարգացմանը, կայունության ու խաղաղության ամրապնդմանը՝ ի բարօրություն Հարավային Կովկասի երկրներին, ասել է ՌԴ վարչապետ Միխաիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Մեր հատուկ ուշադրության կենտրոնում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունները Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ։ Ռուսաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանին, և այժմ ՌԴ արագ արձագանքման կենտրոնի աշխատանքի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում այս պահին ստեղծվում են պայմաններ բնակիչների` իրենց մշտական բնակության վայրեր վերադարձի, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման համար»,- ՌԴ վարչապետի խոսքերն է ցիտում հայկական կառավարության մամլո ծառայությունը:

Միշուստինը նշել է նաև, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքում ձեռք են բերվել լայնածավալ պայմանավորվածություններ երկուստեք համագործակցության ամրապնդման մասին՝ երկու երկրների օրակարգում եղած գրեթե բոլոր ուղղություններով։

«Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները բարձր մակարդակում կայացած որոշումների իրականացման համար» ,- ասել է նա։

Փաշինյանն, իր հերթին, նշել է, որ սա իր առաջին պաշտոնական այցն է ՌԴ և հայտնել, որ Պուտինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտները, անցլացվել են արդյունավետ բանակցություններ, ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ։

Նա հիշեցրել է, որ այս տարի նշվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ՀԱՊԿ 30-ամյակը, Հայաստանի ու ՌԴ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը։

«Այս հոբելյանական տարում ունենք միջոցառումների հարուստ ծրագիր, ինչն առաջին հերթին լավ հնարավորություն է նշելու հոբելյանները, ինչպես նաև վերլուծելու անցած ճանապարհը, հասկանալու, արդյոք հասցրել ենք հասնել այն նպատակներին, որոնք նախանշված են եղել, ինչպես նաև տեսնելու, թե որտեղ չենք հասցրել, մեր համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ»,- ասել է վարչապետը:

Զրուցակիցները քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գերատեսչությունների միջոցով սերտորեն աշխատել` դրանք կյանքի կոչելու և հայ-ռուսական տնտեսական կապերը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով: