Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը բարձր է գնահատում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ասրյանը Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի հետ հանդիպմանը։
«Անշուշտ, ես բարձր եմ գնահատում Եվրոպական միության մոնիտորինգային աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այս գործունեությունը զսպում է Ադրբեջանին։ Հայաստանի սահմանների երկայնքով աշխատանքները շատ լավ են իրականացվում»,- ասաց Ասրյանը։
Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի և ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը շատ դրական է։
«Այս աշխատանքը դրական արդյունքներ է տալիս։ Այն մեզ թույլ է տալիս տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են Եվրամիության անդամ երկրներինորոշումների ընդունման հարցում։ Սա քաղաքացիական առաքելություն է, զինված չէ, նպատակը միայն իրավիճակին հետևելն է, բայց այն թույլ է տալիս լարվածությունը թուլացնել»,- ասաց Կոլոնան։
ԵՄ առաքելության մասին
2023 թվականի փետրվարի 20-ից Հայաստանում գործում է ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EUMA)՝ երկամյա մանդատով՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում։ EUMA-ի բացառապես քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թիվը կազմում է մոտ 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդներ։
ԵՄ առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված է Եղեգնաձորում (ՀՀ Վայոց ձորի մարզ): Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացումն է, վստահության և մարդկանց անվտանգության ձևավորումը հակամարտությունից տուժած շրջաններում և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար նպաստավոր պայմանների ապահովումը։