Բավ է պառակտվել
20-05-2022 18:16

Ընդդիմության հանրահավաքը հետաձգվել է շաբաթ, երբ նախատեսված է Փաշինյանի բրյուսելյան ուղևորությունը Ալիևի հետ հանդիպելու համար (տեսանյութ)

Ընդդիմադիր Դիմադրության շարժումը ուրբաթ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում պլանավորած հանրահավաքը հետաձգել է շաբաթ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին մեկնելու է Բրյուսել, որտեղ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ՝ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ։

Ինչպես ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, համաքաղաքացիների մասնակցությունը հանրահավաքին կարևոր է Փաշինյանին կանգնեցնելու համար։

«Հանրահավաքին մասնակցելով՝ դուք «ոչ» եք ասելու մեր երկիրը նոր զիջումների տանող ուղունԼ Դուք հստակ ուղերձ եք հղում համաշխարհային հանրությանը, որ երկրի կառավարման ղեկը ստանձնածն այլևս չունի մանդատ. խոսել ժողովրդի մասին, ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը»,- ընդգծեց քաղաքական գործիչը։

Նրա խոսքով, Փաշինյանի Բրյուսել մեկնելու նախօրեին կայանալիք հանրահավաքում ընդդիմությունը մանրամասն կներկայացնի իր դիրքորոշումն ու հայեցակարգային դրույթները ղարաբաղյան հակամարտության կարգավորման և ստեղծված իրավիճակից Հայաստանը դուրս բերելու վերաբերյալ։

Ուրբաթ օրը ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեց դեպի նախագահական նստավայր, որտեղ Լիտվայի նախագահը հանդիպում էր Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ ակցիայի նպատակն է ցույց տալ, որ վարչապետ Փաշինյանը Հայաստանի անունից բանակցելու մանդատ չունի։

Այնուհետ ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում՝ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, փորձեցին ներկա գտնվել Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցում անցկացվող Ժողովրդավարության համաժողովին, որին, մասնավորապես, մասնակցում էին Փաշինյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Ֆորումի անցկացման դահլիճ մուտքը խիստ ցուցակով էր։

Ըստ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ Նիկոլ Փաշինյանի «Ժողովրդավարության բաստիոնում» քննարկվում են Հայաստանում ժողովրդավարական գործընթացները, հրավիրվում են միայն իշխանամետ պատգամավորները, իսկ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մասնակցել։