Բավ է պառակտվել
27-08-2019 14:17

Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնական սկզբունքը (տեսանյութ)

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը երեքշաբթի ներկայացրել է հայկական արտաքին քաղաքականության երեք հիմնական սկզբունքը, որոնք հիմք կհանդիսանան հիմնական դիվանագիտական գործունեության համար։

Ելույթ ունենալով ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին, Մնացականյանը նախ նշել է ինքինիշխանությունը, որի առանցքը Հայաստանակենտրոնությունն է՝ առաջին հերթին Հայաստանի պետական շահերի, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելության Հայաստանի բոլոր քաղաքացիների պաշտպանությունը:

“Անկախ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար հիմնարար պայմանն է ինքնիշխանության սկզբունքի ամրագրումը: Հայաստանի դիվանագիտական գործունեության մեջ առաջին հերթին հարցերը պետք է հենց այս տեսանկյունից դիտարկել: Հայկական դիվանագիտության մեջ հենքային այս սկզբունքն առավել կարևոր նշանակություն է ձեռք բերում ներկայիս աշխարհակարգի գլոբալ անորոշության պայմաններում, երբ առաջնային անվտանգության և զարգացման հիմնական մարտահրավերները կարող են լուծվել միմիայն ինքնուրույն և ինքնիշխան որոշումների հիման վրա”,-ասել է Մնացականյանը:

Երկրորդ սկզբունքն, ըստ նրա՝ համահայկականությունն է, առաջին հայացքից հավակնոտ թվացող սկզբունք, որն ազգային ինքնությունը պահպանելու հետ մեկտեղ արտացոլում է Հայաստանը, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը որպես մեկ միասնական միավոր դիտարկելու անհրաժեշտությունը, դրանից բխող միասնական ազգային օրակարգով:

“Վստահ ենք, որ այսպիսի գործնական փոխադարձ համագործակցության մթնոլորտի ստեղծումը Հայաստանի և աշխարհասփյուռ Հայության միջև կարող է նպաստավոր միջավայր ապահովել Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման համար”,-ասել է Մնացականյանը, հավելելով, որ այս սկզբունքն առաջին անգամ է ամրագրվում երկրի արտաքին քաղաքականության մեջ:

Որպես հայկական դիվանագիտության երրորդ հիմնական սկզբունք հայ դիվանագետը նշել է փոխգործակցությունը, մասնավորապես՝ իրավահավասար և փոխշահավեր գործակցության պատրաստակամությունը ցանկացած պետության հետ։

“Հայաստանը շարունակելու է աշխատել տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և զարգացման ուղղությամբ և այս նպատակով համագործակցել բարեկամ պետությունների և բոլոր մյուս գործընկներների հետ։ Մենք շարունակելու ենք նաև մեր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության և միջազգային համագործակցության մեջ՝ նպաստելով գլոբալ հիմնախնդիրների լուծմանը և սերտ համագործակցելով մեր բոլոր գործընկների հետ երկկողմ և բազմակողմ հնարավոր բոլոր ձևաչափերով”,- ասել է Մնացականյանը։

Հայ ժողովրդի գլխավոր այլ արժեքների թվում նախարարը նշել է բազմադարյա քաղաքակրթական արժեքները, պատմամշակութային ժառանգությունը, որ հայերը թողել են ամբողջ աշխարհում և որոնք հարկավոր է օգտագործել դիվանագիտական շփումների ժամանակ։ Որպես երրորդ ասպեկտ նա նշել է հեղափոխական արժեքները։

“Հայաստանն ընտրեց իրական ժողովրդավարության համակարգը ոչ թե արտաքին ուժերի ազդեցությամբ կամ նրանցից որոշակի սպասելիքներից դրդված, այլ որովհետև այդ համամարդկային արժեքները ճշմարիտ արժեքներ են և մենք էլ ճշմարիտ ժողովուրդ, որը ոչ միայն կարող է սպառել, այլ ստեղծել և արարել արժեքներ: Հայաստանում տեղի ունեցած “թավշյա” հեղափոխությունը հաղորդում է մեզ ինքնավստահություն մեր ուժերի, մեր ժողովրդի միասնության, հանդուրժողականության, ազատամտության և արդարությունը պաշտպանելու ունակության վրա։ ժողովրդավարության հաստատումը ամենակարևոր արժեքը լինելուց բացի, մեզանում նաև անվտանգության և զարգացման հարց է, որը թույլ է տալիս ունենալ ազատ և արարող անհատ, համերաշխության և կոնսենսուսին ունակ հասարակություն, ամուր պետական համակարգ, որոշումների կայացման արդյունավետ մեխանիզմ, միջազգային հարթակներում Հայաստանի դիրքերն առավել ամրապնդելու համար”,-ասել է Մնացականյանը:

Նրա խոսքով, այս արժեքները հանդիսանում են Հայաստանի բացառիկ առավելությունմ աշխարհի հետ հարաբերվելու և ամուր արժեքային հենքի վրա հարատև ու կայուն հարաբերություններ կառուցելու համար։

Համաժողովն ընթանում է “Արժեքներ փոփոխության մեջ․Հաաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում” խորագրով։ Սա ավանդական համաժողով է, որն առաջին անգամ է անցկացվում 208թ․գարնանը երկրում տեղի ունեցած “թավշյա հեղափոխությունից” հետո և ելնում է կառավարության ծրագրին համապատասխան հայկական քաղաքականության առաջնահերթությունները և դրանց իրագործման ուղիները ճշգրտելու անհրաժեշտությունից։

Համաժողովի մասնակիցները կվերլուծեն նաև ազգային անվտանգության ոլորտում առկա հիմնական մարտահրավերներն ու սպառնալիքները, կքննարկեն ընթացիկ ժամանակակից աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացները, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, ինչպես նաև կկանխատեսեն հնարավոր բացասական կողմերը և դրանց հնարավոր ազդեցությունը կանխելու միջոցները: