Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ քննարկման առանցքում էր Արցախում՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսեւորվում են Արցախի քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, քաղաքացիական բնակչության եւ ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով եւ սպանությամբ:
Պետքարտուղար Պոմպեոն ամերիկյան կողմի ցավակցությունն է հայտնել զոհերի կապակցությամբ:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծել է նաեւ, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ, որն արտահայտվում է անմիջական ռազմատեխնիկական աջակցությամբ՝ վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի եւ միջազգային ահաբեկչության դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար:
Նախարար Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի վերաբերյալ համաձայնությունների խախտումը եւ Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը եւս մեկ անգամ ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը:
Երկուստեք վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը: