Բավ է պառակտվել
07-04-2014 16:20

Քաղաքական կուսակցությունների դիրքորոշումները ՀՀ-ի հաջորդ վարչապետի թեկնածության վերաբերյալ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում են վարչապետի ամենահավանական թեկնածուների անունները: 

«Այս պահին ես չեմ կարող նշել Հայաստանի հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուի անունը: Կարծում եմ, Տիգրան Սարգսյանը շատ ավելի արևմտամետ էր, Արևմուտքի կողմից ընդունվող և ողջունվող թեկնածու էր» անդրադառնալով վարչապետի ամենահավանական թեկնածուի հարցին ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նա նշեց, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք ՀՀ-ն ընտրել էր եվրաինտեգրման ճանապարհը և Արևմուտքի ֆինանսական կառույցներում նախկին վարչապետը ընդունելի անձնավորություն էր և կարողանում էր երկրի համար վարկեր ներգրավել: «Այժմ ՀՀ-ի արտաքին քաղաքական վեկտորը փոփոխության է ենթարկվել և ուղղված է դեպի Մաքսային միություն և ես կարծում եմ, որ հաջորդը կլինի ավելի ռուսամետ վարչապետ և դա կլինի բնական և ճիշտ»,-նշեց Ս. Գիմիշյանը: Ս.Գիմիշյանը հավելեց, որ երկրի և ժողովրդի շահերից կբխի, որ հաջորդ վարչապետը լինի ՌԴ-ի և Մաքսային միության հետ ավելի սերտ համագործակցության կողմնակից:

Իր հերթին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց, որ վարչապետի անունը կարևոր չէ և էական նշանակություն չունի կառավարության ձևը՝դա կլինի ազգային համաձայանության, թե կոալիցիոն կառավարություն, քանի որ միևնույն է, ոչինչ չի փոխվելու: «ՀՀ-ում վարչապետերը հիմնականում օպերատորներ են աշխատում՝ բացառությամբ Վազգեն Մանուկյանի և Հրանտ Բագրատյանի»,-նշեց Պ.Մակեյանը: «Տիգրան Սարգսյանը վատ օպերատոր էր, իսկ ապագա վարչապետի անունը այս պարագայում էական չէ»,-հավելեց Պ.Մակեյանը:

ԱԺԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի կարծիքով, եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում կայացնի ձևավորել ազգային համաձայնության կառավարություն, ապա այն կձևավորվի, եթե ոչ, ապա՝ոչ: «Քառյակից հնարավոր է, որ մեկ-երկու ուժ մասնակցի ազգային համաձայնության կառավարությանը, սակայն դա արդեն նրանց գործն է»,-նշեց Ա.Սադոյանը: Սադոյանը, անդրադառնալով ՀՀ հաջորդ վարչապետի հնարավոր թեկնածուին, նշեց, որ դա ՀՀ-ի նախագահի որոշումից է կախված և ինքի չի ցանկանա որևէ կանխատեսումներ անել այս պահին, քանի որ դա անշնորհակալ գործ է: