Բավ է պառակտվել
24-10-2014 15:40

Շատերը չեն համակրում հարթակում կանգնածներից ոչ մեկին.Արամ Մանուկյան

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի պնդմամբ՝ իշխանափոխության խիստ անհրաժեշտությունը պայմանավորված է հիմնականում արտագաղթի մեծ տեմպերով և սոցիալական ծանր վիճակով: ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա արտագաղթի թվեր ներկայացրեց և հավելեց, հենց դա էլ պատճառ է հանդիսացել քաղաքական տարբեր գաղափարախոսություն ունեցող ուժերին կանգնել կողք կողքի: «Պատահական չէ, որ այսօր քաղաքական ուժերը քաղաքական թելերով չեն իրար հետ կապված, կուսակցական գաղափարախոսական մերձեցման հաշվին չեն իրար հետ կանգնել, ամենևին, լրիվ ուրիշ պատճառաբանություն է: Մենք այսօր տեղեկություն ունենք, որ այսօր լրիվ ուրիշ, նոր մասսաններ են գալու, ոչ քաղաքական մարդիկ, որոնք, ինչպես հիվանդն իր վերջին շնչի ժամանակ, զգում են, որ ինչ-որ բան պետք է անել. այդ մեխանիզմն է մեր ժողովրդի մոտ սկսել աշխատել: Չեն համակրում հարթակում կանգնած լիդերներից ոչ մեկին, բայց փոփոխության անհրաժեշտություն զգում են»,-ասաց նա։

Արամ Մանուկյանը նշեց, որ դրան զուգահեռ ինքը զգում է նաև իրենց պատասխանատվության չափը: «Իմ կարծիքով՝ պահանջարկը լինելու է շատ ավելի ագրեսիվ, մաքսիմալիստական, քան կարող են լինել մեր հաշվարկները, մեր մտածողությունը, թե ինչպես ենք շարժումը ղեկավարելու, տեղ հասցնելու: Եթե տարիներ առաջ ունեինք հակառակ խնդիրը՝ մենք էինք շատ արագ իշխանափոխություն ակնկալում, և կարծես ժողովուրդն այդ տեմպին չէր հասցնում, հիմա, կարծում եմ, լրիվ հակառակն է՝ սոցիալական, հասարակական պատվերն ավելի ուժեղ է, քան մենք ենք հասցնում անել: Իհարկե դա մեր ուզածն է, ուղղակի մնում է ուժերը ճիշտ տեղաբաշխել ժամանակի և տեղի մեջ և արդյունավետ օգտագործել, որ կորուստ չունենանք և արդյունքն էլ լինի անցավ, անցնցում, առանց բխումների։ Աստված մեզ հետ, կարծում եմ՝ լավ կստացվի»,-ասաց նա: Մանուկյանը նշեց, թե չգիտի, թե ինչպես է լինելու այսօրվա հանրահավաքի «ֆինալը», ո՛չ Ծառուկյանի, ո՛չ էլ Տեր-Պետրոսյանի ելույթին ծանոթ չեն։ «Բայց ունենք համաձայնություն, ընդհանուր եզրեր և պայմանավորել ենք այսպես. վերջում տեսնելով քանակը, ինֆորմացիան, իրավիճակը, խորհրդակցելով հրապարակում՝ լիդերները կատարում են քայլերն ըստ ծրագրերի»,-ասաց նա և հույս հայտնեց, որ ձգձգում չի լինի: «Մենք լավ հասկանում նք, որ ձգձգումը կարող է հանգեցնել հիասթափության, այդ վտանգը, որ կախված է մեզ վրա, որ հնարավոր է՝ ժողովուրդը հիասթափվի, մեզ հայտնի է, հասկանում ենք դա, բայց նաև հասկանում ենք պատասխանատվությունը, որ ժողովրդի անվտանգության պատասխանատվությունը մեր վրա է: Եթե ռեալ քայլերով չհասցրինք տեղ, հաջորդ շարժում կարող է և չլինել, բայց գիտեմ, որ նրանք, ովքեր իմ շրջապատում են, այդ մարդիկ վճռական են, որ գործը մինչև վերջ պետք է տեղ հասցնել»,-ասաց նա: Իսկ դրա համար, ըստ նրա, շանսերը մեծ են։ «Իշխանությունն իր ռեսուրսը մսխել է, մնացել են մի քանի լեզվանիներ, դրսից էլ աջակցություն չունի»,-ասաց նա: