Բավ է պառակտվել
27-09-2022 20:25

«Սիրտս ցավում է Արցախի և Հայաստանի ժողովրդի համար». կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ

Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել Արցախում Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին վեց շաբաթ շարունակ Ադրբեջանը և Թուրքիան դաժանորեն հարձակվում էին Արցախի ժողովրդի վրա՝ սպանելով բազմաթիվ անմեղ քաղաքացիների,տեղահանելով տասնյակ հազարավորներին և ստեղծելով հումանիտար զանգվածային աղետ, որը պատուհասեց բազմաթիվ հայ ընտանիքների արտերկրում և այստեղ՝ ԱՄՆ-ում։ Պատերազմը սանձազերծեց Բաքվի արյունարբու բռնապետը, ով որոշեց ներքին դժգոհությանը պատասխանել խաղաղ հարևանի դեմ պատերազմով»,- գրել է Շիֆը ֆեյսբուքյան իր էջում։

Նրա խոսքով, այսօր լրանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սանձազերծած հարձակման երկու տարին, սակայն, ողբերգականորեն, նրա պատերազմը չավարտվեց այս 44-օրյա ներխուժումից հետո։ Չնայած միջազգայնորեն կնքված զինադադարի համաձայնագրին, Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի ժողովրդի դեմ շարունակվում է, ավելի քան 100 հայ զինվոր շարունակում է մնալ ապօրինի կալանավորված և ենթարկվում են սարսափելի խոշտանգումների, իսկ հազարավոր ընտանիքներ ապրում են նոր հարձակման վախով։

«Իսկ ադրբեջանական բռնությունը կրկին սրվեց այս ամսվա սկզբին, երբ ադրբեջանական զինուժը հրետակոծեց Արցախի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի տները և չհրահրված հարձակում ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Այս վերջին հարձակումներն ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանը շարունակելու է ահաբեկել Արցախի և Հայաստանի ժողովուրդներին, քանի դեռ չի հասել իր նպատակների իրականացմանը»,- գրել է Շիֆը։

Նա նշել է, որ Ալիևը չունի ոչ այլ ինչ, քան արհամարհանք Կովկասում կայունություն հաստատելու միջազգային հանրության ջանքերի նկատմամբ, և նրան պետք է կանգնեցնել։ Նրան «ոգևորել» է Ադրբեջանի և Հայաստանի միջև կեղծ համարժեքության մասին միջազգային հանրության հռետորաբանությունը հայ ժողովրդի դեմ այս կանխամտածված հարձակումների ժամանակ։

«Մինչև չլինեն իրական հետևանքներ՝ Ալիևը կշարունակի ընդլայնել իր պատերազմը, և ավելի շատ անմեղ կյանքեր կկորցվեն։

ԱՄՆ-ը պետք է ուժեղ և իմաստալից գործողություններ ձեռնարկի Ադրբեջանի դեմ։ Մենք պետք է ընդմիշտ դադարեցնենք ցանկացած օգնություն Ալիևի ռեժիմին, պահանջենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ուսումնասիրենք պատժամիջոցները և դատական հետապնդման հասնենք պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»,- գրել է Շիֆը։

Նա խոստացել է շարունակել իր գործընկերների հետ հրատապորեն հետամուտ լինել Կոնգրեսում այդ նպատակներին հասնելու օրենսդրությանը:

«Մենք չենք հանգստանա, մինչև Միացյալ Նահանգները քայլեր չձեռնարկեն։
Սիրտս կտոր-կտոր է լինում Արցախի և Հայաստանի ժողովրդի և իմ ամերիկահայ ընտրողների համար, որոնց ընտանիքներն ու սիրելիները զոհվել, տեղահանվել և ահաբեկվել են ադրբեջանական պատերազմի սկզբից ի վեր։ Այսօր և ամեն օր ես կշարունակեմ կոչ անել քայլեր ձեռնարկել Բաքվի ռեժիմի դեմ, քանի դեռ հայ ժողովուրդը չունենա խաղաղություն և ազատություն, որից շատ երկար ժամանակ զրկված է եղել»,- գրել է Շիֆը։