Բավ է պառակտվել
20-11-2019 13:54

Մոսկվան ու Երևանը չեն կարող գործել միմյանց դեմ․Փաշինյան (Տեսանյութ)


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են «Комсомольская правда», «Эхо Москвы», «Свободная пресса», «Московский Комсомолец», «Россия Сегодня», «Ведомости», «Комерсант», «Интерфакс», «Огонек», ТАСС, «Эксперт», «Российская газета» լրատվամիջոցների լրագրողները:

«Ես հույս ունեմ, որ այս հանդիպումը կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները»,–ասել է վարչապետը։
Հարցերը վերաբերվել են տարբեր ոլորտներին՝ գազի գնից մինչև արցախյան հիմնահարցի կարգավորում։ Վարչապետը վստահեցրել է,որ ռուսական գազի գինը Հայաստանի համար մինչև 2020թ. գարուն չի բարձրանա: Նա տեղեկացրել է,որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այդ հարցի քննարկումների արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ սակագինը պետք է լինի այնպիսին, որ չհարվածի Հայաստանի տնտեսությանը:

Փաշինյանը նշել է, որ Մոսկվան ու Երևանը չեն կարող գործել միմյանց դեմ, քանի որ նրանք ռազմավարական գործընկերներ են:
Փաշինյանը անդրադարձել է նաև այն մտահոգություններին, որ ԱՄՆ ֆինանսավորմամբ Հայաստանում բացված կենսաբանական լաբորատորիաները կարող են գործել Ռուսաստանի դեմ:
«Այդպիսի բան չի կարող լինել, որ մենք ցանկանանք վնասել Ռուսաստանին: Համենայն դեպս դա մեր պատկերացումն է ռազմավարական գործընկերության մասին… Մենք չենք կարող ոչ մի տեղ և երբեք գործել միմյանց դեմ»,- ասել է վարչապետը։ Փաշինյանը նաև խոսել է այն մասին, թե ինչու Լավրովի՝ երևանյան այցի ժամանակ չի ստորագրվել նախատեսվող հուշագիրը, որով թույլատրվում էր ռուս մասնագետների մուտքը լաբորատորիաներ:

Այս ասուլիսում վարչապետը ռուս լրագրողների հետ խոսել է նաև Արցախի հարցի կարգավորման մասին ,ընդգծելով որ կարգավորումը պետք է լինի ընդունելի՝ երեք ժողովուրդների համար:
«Եթե Ադրբեջանի նախագահը հանդես գա նույնպիսի հայտարարությամբ, ապա դա կնշանակի, որ մենք հնարավորություն ունենք բանակցային գործընթացում գրանցել իրական բեկում»,- ասել է Փաշինյանը:

 

 

Արմինե Գևորգյան