Բավ է պառակտվել
14-04-2022 20:26

Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին ԶԼՄ-ների հարցին։

Նա հայտարարել է, որ Բաքվի կողմից առաջարկված «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքները» և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների մեկնարկի համար։

Զախարովան հիշեցրել է, որ այս թեման ապրիլի 9-ին քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներում, ինչպես նաև նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Մոսկվայում իր հայ գործընկեր Արարատի Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում։

«Ռուսաստանը վճռական է աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն», - ասել է նա։

Զախարովան նշել է, որ փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։

Մինչդեռ, ըստ նրա, Հարավային Կովկասում իրական իրավիճակը չի հանդուրժում դադարներ բանակցություններում, և հետագա հետևողական քայլեր են պահանջվում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության վերականգնման համար, «քանի որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների համագործակցությունը»:

«Այս կապակցությամբ հատուկ հանձնարարությունների Դեսպան Ի․Ա․ Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով։ Նրա ուշադրության կենտրոնում կլինի վերոհիշյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Մենք հույս ունենք, որ Բաքվի և Երևանի մեր դաշնակիցներն և գործընկերները կաջակցեն Ի.Ա.Խովաևի ջանքերին։ Մենք բաց ենք այլ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար», - ասել է Զախարովան: