Բավ է պառակտվել
14-01-2021 12:46

Մոսկվան երբեք չի առաջարկել Բաքվին տալ յոթ շրջանը՝ մոռանալով կարգավիճակի մասին․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը երբեք Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը չի հանգեցրել միայն յոթ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն ՝ մոռանալով դրա կարգավիճակի հարցը:
Այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Պոպովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածը:
«Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները` «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, իրականությանը չի համապատասխանում», - նշել է Պոպովը։
Ըստ Պոպովի, ռուսական առաջարկությունների անվան տակ, հավանաբար, նկատի է առնվում փուլային կարգավորման պլանը, որի վերջին խմբագրումը կողմերին տրամադրվել է 2019թ. հունիսին։
«Այդ պլանի հիմքում, որը մեծամասամբ համընկնում է Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բազային սկզբունքները, որոնց թվում` Ադրբեջանին 5 շրջանների վերադարձն է` առաջին փուլով, իսկ երկրորդ փուլով` 2, ընդորում, հատուկ շեշտեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ փոխկապակցված»,- նշել է Պոպովը:

Դիվանագետը հայտնել է նաև, որ առաջին փուլում Երևանի հետաքրքրություններն արտացոլող այլ տարրերից է` ԵԱՀԿ նիստերին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության ապահովումը, ապաշրջափակումը, սահմանների բացումը, կողմերի` ուժ չկիրառելու պարտավորությունների ընդունումը։

Մեկնաբանելով տարածքների կարգավիճակի հարցը` Պոպովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության արդյունքում` կողմերի համաձայնությամբ, որի ցանկացած արդյունք ընդունելի կլինի կողմերի համար:

«Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվում էր քննարկել միայն երկրորդ փուլում` հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին: Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը չեն մերժել այդ առաջարկությունները, սակայն լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց կարևորն այն է, որ բանակցություններն ընթացել են պարբերական հիմքով: Ընդհուպ մինչև 2018թ. երբ Երևանն առաջ է քաշել նոր մոտեցումներ»,- հայտնել է Իգոր Պոպովը:
Հունվարի 4-ին հրապարակված հոդվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը»:

Արմինե Գևորգյան