Բավ է պառակտվել
25-05-2022 18:32

Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունը օգնելու Բաքվին և Երևանին սահմանների սահմանազատման հարցում. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին։ Դա արձանագրվել է Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի գագաթնաժողովի ավարտին երեք երկրների ղեկավարների հայտարարություններում ու բազմիցս հաստատվել է բոլոր շփումների ընթացքում»,- չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը եզակի փորձագիտական ​​ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ «Մենք մեր տրամադրության տակ ունենք անհրաժեշտ քարտեզագրական նյութեր և ուրախ կլինենք մեր փորձը կիսել ադրբեջանցի և հայ բարեկամների հետ հանձնաժողովի գործունեության շրջանակներում»,- նշել է դիվանագետը։

Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության ռազմավարական նպատակն է Հարավային Կովկասը վերածել կայունության և բարգավաճման գոտու, նպաստել այդ գործընթացին։

«Այս ճանապարհին առանցքային խնդիրներից մեկը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումն է, կայուն խաղաղության հաստատումը: Այդ ուղղությամբ ջանքերի հիմքում ընկած են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունները, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք և որոնք հետևողականորեն իրականացվում են»,- ասել է նա։

Նրա խոսքով, Ռուսաստանը համապարփակ օգնություն է ցուցաբերում ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի գործընկերներին բոլոր ուղիներով, ներառյալ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, հանրային երկխոսության հաստատումը և խաղաղության պայմանագրի մշակումը:

Զախարովան անդրադարձել է նաև այս ուղղությամբ ԵՄ ներկայացուցիչների ջանքերի ակտիվացման թեմային։

« Այո, մենք տեսնում ենք ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավարվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը։ Ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք կյանքի կոչել, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, այ դա արդեն մենք չենք ուզում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Սահմանների սահմանազատման հայ-ադրբեջանական հանձնաժողովի մասին

Հայ-ադրբեջանական միջպետական ​​սահմանին մայիսի 24-ին կայացել է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովի համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։

Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը աշխատելու սահմանների սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների շրջանակներում։ Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։
Միջպետական ​​սահմանին հանդիպումների հետ մեկտեղ կողմերը պայմանավորվել են հանձնաժողովների հետագա նիստերի անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում (հաջորդ շաբաթ), երրորդը՝ Բրյուսելում։