Բավ է պառակտվել
30-01-2023 14:35

Մոսկվան ողջունում է առաջընթացները, որոնք հեռանկարներ են բացում հայ-թուրքական կապերի վերականգնման համար

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության առաջընթացը, քանի որ դրանով հեռանկարներ են բացվում 2 երկրի կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի իրավիճակի հետագա բարելավմանը տարածաշրջանում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված՝ ԶԼՄ–ների հարցերին տված պատասխաններում, որոնք ստացվել են 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին։

Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նշվում է, որ հենց ՌԴ հովանու ներքո է տրվել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մեկնարկը` 2022 թվականի հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։

«Երկուսի հետ մենք այսօր էլ սերտ կապի մեջ ենք»,– ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում՝ ի պատասխան հարցին, թե ռուսական կողմը մասնակցո՞ւմ է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման գործընթացին, որն այժմ կրկին ակտիվացել է։

Նշվում է նաև, որ ռուսական կողմը նպատակ ունի խթանել 2021 թ. դեկտեմբերին մեկնարկած 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան և Թուրքիա)։

«Այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ համագործակցության ամրապնդման գործնական խնդիրների վրա՝ ելնելով տարածաշրջանային խաղացողների շահերից, համարում ենք օգտակար և ժամանակին», - նշվում է հայտարարությունում։

Հայ-թուրքական երկխոսության մասին

Թեև Թուրքիան 1991 թվականի դեկտեմբերի 24-ին պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը , սակայն մինչ օրս պետությունների միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չեն հաստատվել։ 1993 թվականին Թուրքիան միակողմանի փակեց Հայաստանի հետ իր օդային և ցամաքային սահմանները։ Օդային սահմանը բացվել է 1995 թվականին միջազգային հանրության ճնշման ներքո։

Հայաստանի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի աշնանը արցախյան 44-օրյա պատերազմից հետո սկսեց ակտիվորեն քարոզել տարածաշրջանում, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջան» ձևավորելու գաղափարը, և այս տրամաբանությամբ արդեն գործնական քայլեր են արվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։

2021 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան նշանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրենց հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին և փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։

2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքը, կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը առաջ տանել այս գործընթացը առանց նախապայմանների, որպեսզի այն պսակվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։

2022 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ պայմանավորվեցին ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հնարավորինս արագ հատելու հնարավորությունը համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ ավիաբեռնափոխադրումների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ։

2023 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ ավիաբեռնափոխադրումների խոչընդոտները լուծվել են, և դրանք հնարավոր դարձան հունվարի 1-ից։