Բավ է պառակտվել
13-12-2019 13:54

Մտածեք զինծառայողների նյութական ապահովության մասին։ Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովում զինվորական ծառայության հետ կապված մի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ուշադրությունը սևեռեց զինծառայողների դրամական բավարարումների վրա։
«Զինծառայողների նյութական ապահովության խնդիրը չպետք է անտեսվի։ Մենք այստեղ՝ այս տաք դահլիճում, մեր գործն ենք անում, բայց այնտեղ մարդիկ ցրտին սահման են պահում: Պետք է իրենց նյութական ապահովության մասին մտածենք։ Կարծում եմ, որ եթե ամենավերին մակարդակներով հնչում է, թե բյուջեում փող կա և ծախսելու տեղ չկա, ես հուշում եմ ձեզ ծախսելու տեղը. այդ բյուջեի գումարը ծառայեցրեք մեր անվտանգությունն ապահովող մարդկանց շահերը ապահովելու համար», - ասաց նա:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը, արձագանքելով կոչին, ասաց.
«Այդ ուղղությամբ մշտապես աշխատանք է իրականացվում, և 18 միլիարդ դրամով դրամական ապահովության բարձրացում է տեղի ունեցել։ Միջինը 10 տոկոսով բարձրացվել են աշխատավարձերը, բարդ իրավիճակներում ծառայողների համար լրացուցիչ հավելավճարներ են սահմանվել»:
Խորհրդարանում այսքանով սակայն բանակի թեման չավարտվեց։ Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց միաձայն` 105 կողմ ձայնով:

Հիշեցնենք ավելի վաղ ԱԺ-ում նախագիծը ներկայացրած ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել էր, որ այն բավական սպասված է:
«Ներկայացված նախագծով առաջարկվում է վերականգնել Բանակի մարզական ակումբը, և զինվորական ծառայության զորակոչել սպորտում հաջողության արժանացած մեր այն քաղաքացիներին, որոնք չեն ընկնում տարկետում տալու կարգի շրջանակի մեջ», - նշել էր փոխնախարարը։

 

Արմինե Գևորգյան