Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները խորհրդարանին են ներկայացրել մի նախագիծ, որը քրեորեն պատժելի է դարձնում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Նախագիծը ներկայացնում էր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը,ով ելույթը սկսեց հետևյալ ձևակերպմամբ՝ «Սիրելի կենդանիներին»՝ «հարգելի գործընկերներ, հայրենակիցներ և սիրելի կենդանիներ...»։ Պատգամավորը այնուհետև շնորհակալություն հայտնեց բոլոր այն խորհրդարանականներին,որ աջակցել են իրեն օրինագծերի ստեղծման առումով։
Նաիրա Զոհրաբյանը նշեց,որ գործող կարգով կենդանու դեմ դաժան վերաբերմունքը պատժվում է չնչին տուգանքով։ Ավելին, պատգամավորը տեղեկացրեց, որ ոստիկանության կողմից ստացված տեղեկատվության համաձայն, այդ տուգանքով պատասխանատվության որևէ անձ չի ենթարկվել։
Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։
«Ես հորդորում եմ կողմ քվեարկել այս նախագծին։ Այն դաժան վերաբերմունքը, որ մենք տեսնում ենք կենդանիների հանդեպ ... ինչո՞ւ նախկինում այսքան էմոցիոնալ չէինք արձագանքում, միգուցե սոցիալական ցանցերը որ չկային, մենք չէինք տեսնում այդ դաժանությունները։ Տարիներ շարունակ այդ մասին բոլոր ահազանգերը ձայն բարբառո անապատի էին։ Հիմա կա հնարավորություն բռնել այդ սադիստների ձեռքը», - հայտարարեց Զոհրաբյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, նախ ողջունեց Զոհրաբյանի կենդանասիրությունը,ապա նշեց,որ օրինագիծը ժամանակավրեպ է:
Պատգամավորն առաջարկեց հանդես գալ այլ նախաձեռնությամբ,օրինակ կենդանիների պահման տարածքներ ստեղծեն,որ ահազանգի դեպքում կարողանան կենդանիներին հավաքել:
«Դուք լավ գիտեք մարզերում, գյուղերում ինչ ա կատարվում։ Էսօր սոցիալական վիճակից դրդված մարդիկ իրենց շներին փողոց են թողնում, իսկ գյուղերում մարդիկ ոտքով ենք գնում ու շները հարձակվում են ժողովրդի վրա: Իմ շատ հարգարժան Անդրանիկ Քոչարյանը հարց ա տալիս՝ եթե գիշերը շունը հարձակվի իմ վրա, ես ի՞նչ պետք ա անեմ, ասում եմ՝ պիտի կանգնես՝ կծի էթա, ուրիշ բան չես կարա անես, կամ էլ բանակցես»,–ասաց Միքայելյանը։
Արմինե Գևորգյան