Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա։ Այս մասին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալը մեզ ոչ մի գործնական արդյունք չի տա, ընդհակառակը, նման քայլը կարող է ռիսկեր առաջացնել, որոնք Հայաստանին հիմա միանշանակ պետք չեն»,- ասել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Նա նշել է, որ հասկանում է այն կարծիքները, որոնց համաձայն ՀԱՊԿ-ի գործունեությունը Հայաստանի նկատմամբ բացասական է գնահատվում։
«Փաստն այն է, որ վերջին երեք միջադեպերը ՀԱՊԿ-ում մեր գործընկերների կողմից որևէ գնահատականի չարժանացան, Հայաստանի մասով կազմակերպությունը դրսևորում է եթե ոչ ամբողջական դիսֆունկցիոնալություն, ապա գործելու խնդիրներ»,- ասել է պատգամավորը։
Սեպտեմբերի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը, դիմելով ՀԱՊԿ-ին, ակնկալում է ռազմական և ռազմաքաղաքական օգնության տրամադրում, որպեսզի պաշտպանվի Հայաստանի ինքնիշխանությունը և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան, բայց դա դեռ չի կատարվել։ «Մեր սպասելիքները չարդարացան»,- ասել էր Գրիգորյանը։
ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմումի մասին
Սեպտեմբերի 13-ի գիշերը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան սկսելուց մի քանի ժամ անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում որոշվել է դիմել ՀԱՊԿ։ Ավելի ուշ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում և երկրից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման ապահովում։
Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 13-ին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը տեսակոնֆերանսի միջոցով արտահերթ նիստում որոշում է կայացրել Հայաստան ուղարկել կազմակերպության առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ։ Բացի այդ, նիստում որոշվել է Քարտուղարության աշխատակազմից և Միացյալ շտաբի զինվորականներից աշխատանքային խումբ ստեղծել՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական մոնիտորինգի նպատակով։
Սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարեց, որ Հայաստան խաղաղապահ առաքելություն ուղարկելու հարց օրակարգում դեռևս չկա։
Նույն օրը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը՝ Սիդորովի գլխավորությամբ։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 19-ին տեղեկացվել է հհայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների առաջարկների մասին։ Խումբը Մոսկվա է վերադարձել սեպտեմբերի 20-ին։
Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր, հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։
Ադրբեջանական զինուժը հրետակոծել է Հայաստանի 36 բնակավայր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի այրվել է ավելի քան 190 բնակելի տուն, էներգետիկ ենթակառուցվածքներ, ջրամատակարարման օբյեկտներ, գազատարներ, կամուրջ և ավտոճանապարհներ։
Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, 2 խաղաղ բնակչի գտնվելու վայրը հայտնի չէ։ 293 զինծառայող վիրավորվել է, 20 զինծառայող գերի ընկել։ Ապացույցներ կան ադրբեջանցիների կողմից գերի ընկած կամ վիրավորված հայ զինվորների խոշտանգումների, անդամահատման, և, այսպիսով՝ անօրինական սպանությունների դեպքերի մասին։