Բավ է պառակտվել
03-09-2020 09:22

Ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիան չի կայանում


«Դեռևս օգոստոսի 26-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց մեծ հանրահավաք կազմակերպելու եւ խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ սկսելու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է Կոտայքի մարզի ակտիվի հետ բացօթյա հանդիպման ժամանակ Ծառուկյանը հիշեցրել էր, որ իր աշխատակիցներին հանձնարարել է ժողովրդի հետ շփվել, նրանց հուզող հարցերը լսել։ Հիմա էլ հետեւություն է արել՝ խնդիրները բազմաթիվ են, բայց բոլոր հարցերի պատասխաններն ինքը պատրաստ է տալ: 

Եվ, ահա, չնայած ամիսներ շարունակ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԲՀԿ-ն ցանկանում է միայնակ առաջ գնալ:

Եռյակի ֆորմատը, կարծես թե, այնքան էլ հեռանկարային չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոստացված հանրահավաքը պլանավորված է իրականացնել հոկտեմբերին, սակայն ԲՀԿ-ում կուսակցականները կտրուկ դեմ են եղել, որ իրենց հանրահավաքին մասնակցեն նաեւ ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունները: Ու ստացվում է, որ թեև այս ուժերը ամիսներ շարունակ համագործակցել են, սակայն քաղաքական ամենակարևոր միջոցառումներից մեկին, այն է՝ հանրահավաքին, միասնական ճակատով հարթակ չեն բարձրանալու: Ու հերթական անգամ ականատես ենք լինելու իրողության, որ ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիան չի կայանում»: