Բավ է պառակտվել
05-11-2014 13:44

Ներքին քաղաքականության մեջ ընդհանրապես ոչինչ չի կատարվում.քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզմունք հայտնեց, որ ներքին քաղաքականության մեջ ընդհանրապես ոչինչ չի կատարվում: «Արտահերթ ընտրությունները պետք է պարտադրել, այնինչ ընդդիմությունն այդքան ռեսուրս չունի: Ես չեմ տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու որևէ նախադրյալ: Այո, ընդդիմությունն ասում է այդ մասին, և մեր ավանդույթն է այդպիսին»,-ասաց բանախոսը: «Երբ կլինի ուժ, որը Հայաստանում հինգ հարյուր հազար մարդ դուրս կհանի ու կպահի կես տարի, այդ ժամանակ էլ կխոսենք, սակայն այսօր ես նման բան չեմ տեսնում: Ամեն ինչ կարելի է ասել, սակայն՝ եռյակը, քառյակը սպառնալիք չի հանդիսանում իշխանության համար»,-ընդգծեց քաղաքագետը:
Ալեքսանդր Իսկանդարյանը հիշեցրեց, որ վերջին նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանը չմասնակցեց և հասկանալի է, թե ինչու։ Չմասնակցեց նաև Գագիկ Ծառուկյանը, և դա ևս հասկանալի էր՝ ինչու: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական ընտրություններին նախագահական ընտրություններից հինգ անգամ ավելի քիչ ձայն ստացավ:
Խոսելով՝ սահմանադրական բարեփոխումներից, քաղաքագետն ասաց, որ այդ հարցում ընդդիմության և իշխանության միջև կոնսենսուս չի լինի: «Ընդդիմությունը դեմ է այդ բարեփոխումներին ոչ թե նրա համար, որ դրանք լավն են կամ վատն են, այլ որովհետև այն դուրս է գալիս իշխանությունից»,-ասաց փորձագետն ու եզրափակեց. «Եթե իշխանությունը վաղն ասի, որ դեմ է այդ բարեփոխումներին, ընդդիմությունը կասի, որ դրանք պետք է իրականացնել»: