Բավ է պառակտվել
08-11-2018 22:11

Աստանայում ՀԱՊԿ նիստին քննարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը

 

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Աստանայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ-երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները։

Ինչպես հայտնում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, նախ կայացել է ղեկավարների նիստ նեղ կազմով, ապա՝ ընդլայնված։ Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը։ Կողմերը պայմանավորվել են այդ հարցի քննարկումը շարունակել դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ։

 

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովը հոկտեմբերի 30-ին ազատվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա։

Միաժամանակ, աշխատանքներ կտարվեն կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցերը կարգավորող համապատասխան նորմերի մշակման ուղղությամբ։

ՀԱԽ անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև միջազգային հարթակում կազամկերպության անդամ-երկրների համագործակցության հարցեր։

Հաշվի առնելով, որ 2018-2019թ․թ․ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելու է Ղրղզստանը՝ երկրի ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովը ներկայացրել է նախագահության ընթացքում Ղրղզստանի առաջնահերթությունները։

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց նկատմամբ փոխհամաձայնեցված միջոցառումների վերաբերյալ համատեղ հայտարարությունը:

Պետությունների ղեկավարներն ընդունել են ՀԱԽ-ի որոշումներ, որոնք ուղղված են ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կատարելագործմանը, անօրինական միգրացիային հակազդելուն, համակարգված տեղեկատվական քաղաքականության զարգացմանը, հավաքական ուժերի կազմակերպմանն ու կազմի ճշտմանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածության հաստատմանը:

Ընդունվել են նաև կազմակերպության դիտորդի և ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակի իրավական ձևակերպմանը վերաբերող փաստաթղթեր, որոնց հաստատումը հնարավորություն կտա կազմակերպությանը համագործակցել մի շարք երրորդ երկրների հետ`որակապես նոր մակարդակի վրա: