Բավ է պառակտվել
16-09-2022 18:45

Հույս, որ ՀԱՊԿ մեխանիզմները կաշխատեն, այլևս չկա․ Հայաստանի ԱԽ քարտուղար

Հայաստանը, դիմելով ՀԱՊԿ-ին, ակնկալում էր ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Հայաստանի սուվերենությունը պաշտպանվի, և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան, «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել:»,- ասել է նա։

Ի պատասխան հիշեցմանը, որ Ղազախստանի իրադարձությունների ժամանակ նա հույս էր հայտնել, որ այդ մեխանիզմները (ՀԱՊԿ արձագանքը-խմբ.) վերջապես կաշխատեն, նախադեպ կստեղծվի, Գրիգորյանն ասաց, որ «բնականաբար, այդպիսի հույս եղել է, և բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիք է դարձել, և չկա այդպիսի հույս այլևս»։

«Միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ, բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում:»,- ընդգծել է նա։

Պատասխանելով հարցին, թե դա այսօր արդեն հավաքական զորք բերելո՞վ է հնարավոր՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ դա հնարավոր է բազմաթիվ գործիքներով։

«Միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքներ ունի՝ ռազմաքաղաքականից սկսած, դիվանագիտական, տնտեսական: Իհարկե, ՀԱՊԿ-ը` որպես կառույց, բնականաբար, չունի նաև տնտեսական գործիքներ, բայց բայց ունի ռազմաքաղաքական գործիքներ, և այդ ռազմաքաղաքական գործիքներով հնարավոր է այդ հարցը լուծել»,- ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե այս միությունից դուրս գալու կոչերի ֆոնին ինչ քայլեր է ձեռնարկելու Երեւանը, Գրիգորյանն ասել է, որ «այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը»։

ՀԱՊԿ-ին դիմելու մասին

Սեպտեմբերի 13-ի գիշերը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան սկսելուց մի քանի ժամ անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել դիմել ՀԱՊԿ-ին։ Ավելի ուշ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում և երկրից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման ապահովում։

Սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում որոշել է կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ գնահատելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրման հետ կապված։ Որոշվել է նաև ստեղծել աշխատանքային խումբ «միասնական շտաբի քարտուղարության աշխատակիցներից և զինվորական անձնակազմից՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական ​​մոնիտորինգի համար»։

Սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարեց, որ Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտ գործուղելու հարցը դեռևս օրակարգում չէ։

Նույն օրը ՀԱՊԿ ՀԱԾ-ի որոշմամբ Հայաստան ժամանեց ՀԱՊԿ միացյալ շտաբի օպերատիվ խումբը՝ Սիդորովի գլխավորությամբ, դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Առաջիկա օրերին օպերատիվ խումբը համապատասխան աշխատանքներ կիրականացնի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում և մարտական ​​գործողությունների շրջաններում։