Բավ է պառակտվել
20-12-2018 14:03

Հայաստանը չի կողմնորոշվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչին նշանակելու հարցում․Նաղդալյան

Հայաստանը չի կողմնորոշվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին նշանակելու հարցում, քանի որ հարցը դեռևս վերջնական լուծում չի ստացել, հինգշաբթի օրը ասուլիսի ժամանակ ասել է ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը։

Նախօրեին Բելառուսի ԱԽ պետքարտուղար Ստանիսլավ Զասը միջինասիական երկրներ կատարած այցի ընթացքում ստացել է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի աջակցությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու հարցում։ ՀԱՊԿ գործող նախագահ հանդիսացող Հայաստանը պնդում է նշանակել իր ներկայացուցչին, քանի որ Յուրի Խաչատուրովն աշխատել է սահմանված 3 տարվա միայն կեսը (Հայաստանի ներկայացուցչի ժամկետն ավարվում է 2020 թվականին)։ Դրա հետ համաձայն չէ, մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ առաջարկելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իրավասությունները փոխանցել իր երկրին։

“Այս պահին Զասի այցը Հայաստան չի նախատեսվում”,- հավելել է Նաղդալյանը, նշելով, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են։

Հայաստանի և ՀԱՊԿ երկրների մեջ հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Երևանը հոկտեմբերի 30-ին վաղաժամ հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ նախօրոք չհամաձայնեցնելով այդ գործընթացները Կազմակերպության մնացած գործընկերների հետ։

Նոյեմբերի 8-ին Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին չի հաջողվել փոխհամաձայնության հասնել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցում։ Հարցը պետք է քննարկվեր դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին, սակայն հետաձգվել է՝ առանց կոնկրետ ժամկետ նշելու։ Մինչ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար կմնա ռուսաստանցի Վալերի Սեմերիկովը։