Բավ է պառակտվել
29-12-2020 17:58

Նաիրա Զոհրաբյանը զրկվեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները որպես ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ դադարեցվեցին։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման նախագծի քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցել է 84 պատգամավոր, որոնցից 78-ը կողմ են քվեարկել, իսկ դեմ՝ 4 պատգամավոր։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները և ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի արտահերթ նիստը բոյկոտել են:
ԱԺ-ում, մասնավորապես, մեջբերումներ են կատարել Զոհրաբյանի Facebook-յան էջի որոշ գրառումներից, որոնցում, իշխող մեծամասնության կարծիքով, հայտարարություններ կան, որոնք նվաստացնում և վիրավորում են Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեք համարվող մարդու արժանապատվությունը: Ուստի իշխող «Իմ քայլը» դաշինքի կարծիքով՝ Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքային պահը մարդու իրավունքների պաշտպանությունն է:
Իսկ նախօրեին Նաիրա Զոհրաբյանը ասել էր, որ պատրաստվում է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելու նախաձեռնության սահմանադրականությունը վիճարկելու նպատակով: Պատգամավորի խոսքով Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ը վերածել է քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնելու տեղ»:

Արմինե Գևորգյան