Բավ է պառակտվել
04-04-2016 14:41

Սահմանամերձ գյուղերում բնակիչների զենքերը պետք է շատ արագ օրինականացնել

Այսօր ԱԺ նիստում «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ սահմանամերձ գյուղերում մարդկանց ունեցած զենքերը պետք է օրինականացնել: «Մարդկանց ձեռքին կա զենք, սահմանամերձ գյուղերում զենքերը պետք է շատ արագ օրինականացնել, կամ մի բազա ունենա գյուղը, որ անհրաժեշտության դեպքում բաժանեն»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ հանգստյան օրերին եղել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, այնտեղ ձևավորվում են ջոկատներ:

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով` հակառակորդի կողմից հրետանու, զրահատեխնիկայի կիրառումն անմիջական սպառնալիք է նաև խաղաղ բնակչության համար:

Ըստ նրա` քաղաքացիական հասարակության պաշտպանությունը պետք է խորքային լինի, հրատապ է շփման գոտուց դուրս տարածքների ամբողջական պաշտպանությունը: Կ. Նահապետյանը նշեց, որ նախատեսվում է ձևավորել տարածքային պաշտպանության համակարգ, որի ստորաբաժանումները պատերազմական վիճակում անցելու են ԶՈՒ հրամանատարության օպերատիվ ենթակայության տակ:

«Կարծում եմ` անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք գործնական քայլեր՝ ուղղված երկրի անվտանգության ամրապնդմանը և տարածքային պաշտպանական համակարգի ձևավորմանը, առաջին` անվտանգության գոտու ընդլայնում և ամրապնդում, երկրորդ՝ հակառակորդի կողմից հեռահար զինատեսակների կիրառման դեպքում շփման գոտում և դրանից դուրս գտնվող տարածքային և գործառութային դաշտի վերագնահատում, ինչը անհրաժեշտ է ԶՈՒ և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների միջև դերակատարումը ճիշտ բաժանելու համար»,- ասաց Կ. Նահապետյանը:

Անդրադառնալով Ն.Զոհրաբյանի առաջարկին` Նահապետյանը նշեց, որ պետք է հստակեցնել, թե որ զենքի մասին է խոսքը, Ոստիկանության կողմից համապատասխան թույլտվություն ստանալու պարագայում քաղաքացիները կարող են քաղաքացիական զենք ունենալ, իսկ մարտական զենքի իրավունք չունեն, բայդ դա կարելի է առանձին քննարկել: